Թուրքական դատարանն ընթացք է տվել Զվարթ Սուջյանին տարածքի վերադարձի դատական գործընթացին

Թուրքական դատարանն ընթացք է տվել Զվարթ Սուջյանին տարածքի վերադարձի դատական գործընթացին

Սուջյանների ընտանիքին պատկանող հողատարածքների վերադարձի համար սկսված իրավական պայքարն ընթացք է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, թուրքական դատարանն ընդունել է Զվարթ Սուջյանի փաստաբանների ներկայացրած պահանջները և ընթացք է տվել տարածքի հետ կապված դատական գործընթացին: Առաջիկա օրերի ընթացքում դատարանը հավաքելու և ուսումնասիրելու է Սուջյան ընտանիքի կողմից պահանջվող տարածքների սեփականության փաստաթղթերը և փաստաբանների ներկայացրած նյութերը, ինչից հետո սկսվելու է քննությունը:

Փաստաբանները հատկապես ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ 1963 թվականին Սուջյաններին պատկանող տարածքներին տիրանալու համար կադաստրային դատարանին դիմած թուրք գյուղացիների պահանջը մերժվել էր: Դատարանն իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ 40 տարի առաջ տարածքի սեփականատերը դարձել էր պետական գանձարանը: Զվարթ Սուջյանի փաստաբանները դատարանին են ներկայացրել նաև կադաստրային դատարանի այս որոշումը ներկայացնող փաստաթղթերը:

Սուջյանների կողմից պահանջվող տարածքները ներկայում գտնվում են Թուրքիայի Դիարբեքիր և Բաթման շրջաններում: Դրանց վրա է կառուցված Դիարբեքիրի օդանավակայանը:

«Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի խմբագիր Հարութ Սասունյանը խոսել էր 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում: Նա պատմել էր, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև Կուբա և վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում:

1967 թ. Սուջյան ընտանիքի կալվածքը բռնագրավվել է թուրքական կառավարության կողմից՝ տեղական մի թերթում հայտարարություն տեղադրելուց և սեփականատերերին չգտնելու մասին պնդումներ անելուց հետո: Մի քանի տարի առաջ Սուջյանի փաստաբան Ալի Էլբեյօղլուն նրա անունից հայց է ներկայացրել Թուրքիայում՝ ձգտելով վերադարձնել նրա ժառանգությունը: 2013 թ. ապրիլին դատարանը մերժեց նրա պահանջը՝ պնդելով, որ 10-ամյա վաղեմության ժամկետն անցել է: Վերաքննիչ դատարանը բեկանեց ստորին ատյանի որոշումը և պահանջեց գործը վերաքննել, հիմնավորելով, որ Սուջյանը կարող էր տեղյակ չլ ինել Դիարբեքիրի տեղական թերթում տեղադրված իրավական հայտարարության մասին գույքի բռնագրավումից առաջ: Դատարանը հայտարարեց, որ այն առնվազն պետք է տեղադրվեր ամբողջ երկրում լայն տարածում ունեցող թուրքական թերթում: Փաստաբան Էլբեյօղլուն պարզաբանել էր, որ Սուջյանի կալվածքի բռնագրավումը մասնավոր սեփականության իրավունքի խախտում է, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում