Թուրքիայում ոչ թե անկախ, այլ անհանդուրժողական ժողովրդավարություն է. Օրհան Փամուք

Թուրքիայում ոչ թե անկախ, այլ անհանդուրժողական ժողովրդավարություն է. Օրհան Փամուք

Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը հայտարարել է, որ Թուրքիայում ոչ թե անկախ, այլ անհանդուրժողական ժողովրդավարություն է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փամուքը հայտարարել է գերմանական Die Ziet թերթին տված հարցազրույցում:

«Թուրքիայում ժողովրդավարություը լիբերալ եւ ազատ չէ, այն պոպուլիստական եւ անհանդուրժողական է», -ասել է նա:

Փամուքը նշել է, որ Թուրքիայում լրագրողին կարող են հետապնդել անգամ համացանցի սեփական էջում «արտահայտվելու անկախությունը Թուրքիայում արժեք չունի» գրելու համար:

«Թուրքիայում որեւէ բան ասելու համար պարտավոր ես 50 անգամ մտածել: Ստամբուլի Գեզի զբոսայգու իրադարձություններից հետո Թուրքիայում ամեն բան սկսեց վատանալ: Կառավարության քննադատաները խիստ հակադարձության են արժանանում: Ինձ որպես Արեւմուտքի գործակալ են ներկայացնում», -հավելել է նա:

Փամուքը նշել է, որ թուրք ժողովուրդը ժողովրդավարությունից ավելի կարեւորում է տնտեսական աճը:

«Մարդիկ ամեն օր լսում են կոռուպցիայի, կաշառակերության մասին, բայց ձայն չեն հանում», -ասել է նա: Փամուքը նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի` Եվրամիության մեջ ներառվելու ժամանակն արդեն անցել է, ինչը կապված է Եվրոպայի եւ Թուրքիայի սեփական խնդիրների հետ:

«Թուրքիայում 1 մլն հայ է սպանվել» արտահայտությամբ, փաստորեն, Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գրողն այն հարցին, թե ինչ կարող է ասել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առնչությամբ, պատասխանել է. «Կցանկանայի, որ Թուրքիան եւ հատկապես` ընդդիմությունն այս թեման գնահատի արտահայտվելու ազատության շրջանակում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում