Ադրբեջանում ստալինյան բռնաճնշումների ախտանիշ է առկա

Ադրբեջանում ստալինյան բռնաճնշումների ախտանիշ է առկա

«21-րդ դարում Ադրբեջանում առկա է ստալինյան ռեպրեսիաների ախտանիշ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում կալանված հայտնի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի պաշտպանության կոմիտեն:

Լեյլա Յունուսի եւ այլ քաղաքական բանտարկյալների իրավունքների պաշտպանության կոմիտեն այս մասին տարածած հայտարարության մեջ դատապարտել է իրավապաշտպանի կալանման ժամկետը երկարաձգելու եւ նրա դեմ կալանավայրում իրագործվող անօրինականությունները:

Կոմիտեն հայտարարության մեջ նշել է, որ Լ.Յունուսը մեծ ներդրում ունի Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման գործում եւ զգալի ծառայություն է կատարել մեծ թվով քաղբանտարկյալների ազատ արձակման համար:

Կոմիտեն հայտարարության մեջ նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է առաջնային կարգով քննել Լ.Յունուսի գործը:

Հայտարարության մեջ Կոմիտեն անդրադարձել է նաեւ Լ.Յունուսի ամուսնու` Արիֆ Յունուսի` ապօրինի կալանմանը դարձյալ կեղծ մեղադրանքներով:

Լեյլա Յունուսը ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին: Նա մեղադրվում է պետական դավաճանության եւ տնտեսական հանցագործություններ կատարելու մեջ: Յունուս ամուսինները ժխտում են մեղադրանքները եւ համարում, որ իրենց նկատմամբ առաջ քաշված շինծու մեղադրանքները քաղաքական դրդապատճառներով են:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Լ.Յունուսին «խղճի բանտարկյալ» է ճանաչել:

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի:

Տեղական եւ միջազգային հանրության պաշտպանությունը սրընթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակազմն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում