«Եռյակ գոյություն չունի, որպես հաջորդ նախագահ էլ իմ անունը հաստատ չի լինելու». Ր.Հովհաննիսյան

Նմանատիպ
«Ներկա դրությամբ Եռյակ գոյություն չունի»,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նա անկախ ամեն ինչից, իրենք շարունակելու են պայքարը և կապ չունի՝ Գագիկ Ծառուկյանը հետ է կանգնում, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ է անում: Այնուհետ պարզաբանեց, թե այս հայտարարությունը չի նշանակում, որ «Ժառանգությունը» դուրս է եկել Եռյակից. ««Ժառանգությունը» որևէ տեղից դուրս չի եկել: Այդ հարցը պիտի տալ մյուս ուժերին: Մենք կանք՝ եռյակում, տասնյակում, ժողովրդին պատկանող ցանկացած ձևաչափում, մեր դռները բաց են Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանին և բոլոր հայրենակիցների առջև: Այսօր մենք որոշել էինք հավաք անել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, բայց հիմա միայն մենք կանք այստեղ: Հաշտեցումը, որի մասին իմացանք, քաղաքական լեգիտիմությունից, իրավակարգությունից դուրս է: Այսօր շատ էինք ուզում լինել մեր գործընկերների հետ՝ պարոն Ծառուկյանի, պարոն Տեր-Պետրոսյանի հետ, ինչու չէ Դաշնակցության, Պարույր Հայրիկյանի, Նիկոլ Փաշինյանի, ազատամարտիկների հետ»:
Հիշեցմանը, թե ԲՀԿ առաջնորդն այս իշխանություններին համարել էր չարիքի իշխանություն, իսկ Սերժ Սարգսյանն էլ Գագիկ Ծառուկյանի հասցեին էր նույնն ասել, ի՞նչ է կատարվել այս ընթացքում, Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի ելույթները:
Հարցին, թե կմասնակցե՞ք Մարտի մեկին ՀԱԿ-ի հրավիրած հավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենք բոլոր ազգային, քաղաքացիական նախաձեռնություններին մասնակցել են , այդ թվում՝ Մարտի մեկի դեպքերի շրջանակում:
«Անգամ այն դեպքում, երբ ունեցել ենք լարված հարաբերություններ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»,- շեշտեց նա՝ տեղեկացնելով, որ այդ օրը Չինարիում են լինելու, իսկ կուսակցությունից ով լինի Երևանում, կարող է մասնակցել.«Բայց մենք այս խաղն այլևս չենք տանելու»:
«Ժառանգության» առաջնորդը այս համատեքստում կրկնեց իր հորդոր-պահանջն ուղղված գործող նախագահին. «Սերժ Սարգսյան դուրս արի հանուն քո թոռնիկների: Դուրս արի Ազատիչ, իսկ Ռիչարդովիչը ձեզ հետ դուրս կգա»:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի աթոռին հավակնողներին, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Ինձ բնավ հետաքրքիր չէ հաջորդ ՀՀ նախագահի անունը, ասեմ՝ հաստատ իմ անունը չի լինելու, բայց ուզում եմ Հայաստանը դառնա հանրապետություն, ոչ թե կուսակցապետություն»:
Վերջում Ր. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փետրվարի 27-ին կրկին նույն պահանջով կլինի Ազատության հրապարակում՝ ասուլիս-հանդիպման, իսկ մինչ այդ՝ փետրվարի 21-ին կմեկնեն Գյումրի՝ գլուխ խոնարհելու Ավետիսյանների առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում