ՀՀ դեսպանը հոդված է հրապարակել «Geopolitica» ամսագրում՝ «ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անխուսափելիության մասին»

Իտալիայի Ռազմավարական բարձր հետազոտությունների և հարակից գիտությունների ինստիտուտի կողմից հրատարակվող «Geopolitica» ամսագրում տպագրվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի’ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման անխուսափելիության մասին» հոդվածը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, հոդվածում տրված է հակիրճ պատմական ակնարկ 20-րդ դարում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման մեխանիզմների, աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր պետական միավորների առաջացման հիմքում ընկած քաղաքական, իրավական, մշակութային և այլ գործոնների ու այդ ուղղությամբ ընդհանուր պատմական դինամիկայի մասին:

Ռուբեն Կարապետյանը ներկայացրել է խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի մեծամասնությունը կազմող հայ բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող ազգային խտրականության հետևողական քաղաքականության մասին: Հեղինակն անդրադարձել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար անխոցելի իրավական հիմքերի առկայությանը:

ՀՀ դեսպանը անհեռանկարային է համարել ներկայումս ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի կամարտահայտության ու պայքարի արդյունքում ավելի քան 20 տարի առաջ ձեռք բերված անկախության մերժումը’ միևնույն ժամանակ ընդգծելով, որ միջազգային հանրության կողմից որդեգրած «հավասարակշռված մոտեցումը» սխալ մեկնաբանությունների հիմք է տալիս Բաքվին’ վերջինիս հնարավորություն ընձեռելով խուսափելու խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի համապարփակ և տևական հանգուցալուծումից:

Դեսպան Կարապետյանը նշում է, որ ԼՂ անկախության ճանաչումը անխուսափելի է, քանի որ անհնար է մի կողմից հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, իսկ մյուս կողմից’ պաշտպանել «ստալինյան ժառանգության» ամենազավեշտալի մնացորդը’ Ադրբեջանին ԼՂ-ի բռնակցմանը, մի կողմից քարոզել ժողովրդավարական արժեքային համակարգ, իսկ մյուս կողմից հավասար նժարի վրա դնել փոքր, սակայն ժողովրդավար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի իրավունքները և էներգակիրներով հարուստ, սակայն բռնատիրական, Ադրբեջանի շահերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում