Սկզբում Աղթամարը, հիմա էլ Չանաքքալեն. Միլդանօղլուն հիշեցրել է թուրքական պետական մտածելակերպի առանձնահատկությունները

Սկզբում Աղթամարը, հիմա էլ Չանաքքալեն. Միլդանօղլուն հիշեցրել է թուրքական պետական մտածելակերպի առանձնահատկությունները

Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Չանաքքալեի պատերազմում զոհվածների հիշատակի օրը նշելը թուրքական պետական մտածողության համար նոր երևույթ չէ: Նմանօրինակ փորձ վերջիններս ձեռնարկել էին նաև ութ տարի առաջ` առաջարկելով ապրիլի 24-ին նշանակել Աղթամար կղզում վերանորոգված հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ակոս»-ում հրապարակված «Նախ Աղթամարը, ապա Չանաքքալեն. պետության անվերջանալի խաղերը» խորագիրը կրող հոդվածում գրել է ճարտարապետ, գրող Զաքարիա Միլդանօղլուն:

Նա պատմել է, որ դեռևս 2005 թվականին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առաջարկով ներգրավվել էր Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին: «Մեսրոպ Երկրորդ պատրիարքի հետ այդ տարիներին ընկերացել էինք: Ժամանակ առ ժամանակ սերտ քննարկումներ էինք ունենում: Երկար ժամանակ «դիմադրեց» աշխատանքներին տեղում ծանոթանալու իմ առաջարկին: Երբ հարցրեցի, թե ինչու, ասաց. «Երբ ես հիմա այնտեղ գնամ, իմ առջև լրագրողական մեծ բանակ դուրս կգա, կսկսեն ինձ Հայոց ցեղասպանության մասին հարցեր ուղղել, ես ի՞նչ եմ ասելու»,- գրել է Միլդանօղլուն` պատմելով, որ հետագայում պատրիարքի հետ համաձայնության են եկել այն մասին, որ լրագրողներին հանդիպելու ժամանալ Մութաֆյանն ասելու էր, որ հոգևոր գործիչ է և նմանատիպ հարցերին իր փոխարեն պատասխանելու է հենց Միլդանօղլուն: «Այդ ժամանակ մի քանի անգամ գնացինք Վան: Իրավացի էր` առաջին հարցն այն էր, թե ինչ է մտածում Հայոց ցեղասպանության մասին: Այդ ընթացքում տասնյակ անգամներ գնաց-եկավ Աղթամար: Եվ որպեսզի Աղթամարում հավաքված բոլոր գործակալությունների ներկայացուցիչները չվերածեին տարածաշրջանը քաղաքական դաշտի, ես ակնեղծորեն պատասխ անեցի, որ, իմ կարծիքով, 1915 թվականին կատարվածը Ցեղասպանություն էր»,- հոդվածում պատմել է Միլդանօղլուն:

Նա ներկայացրել է, թե ինչպես իրենք տեղեկացան Թուրքիայի մշակույթի նախարարության մտադրությանը` վերանորոգումից հետո եկեղեցու բացումն անել ապրիլի 24-ին: Այս նորությունը բացասական հակազդեցության հանդիպեց տարբեր կողմերից: Պատրիարքը հայտարարությամբ հանդես եկավ և քննադատեց Աղթամարը որպես քաղաքականության նյութ օգտագործելու փաստը: «Հուսով ենք, որ այս տեղեկությունը ճիշտ չէ: Քանի որ այս նախաձեռնությունը, ինչ էլ որ այն անվանենք, ոչ այլ ինչ է, քան մի ժողովրդի ցավերը քաղաքական նպատակներով օգտագործելու անզգամ վերաբերմունք և անգամ ծաղրանք: Այժմ ևեթ բացեիբաց ասում եմ, որ ոչ մի հայ քաղաքացի` այդ թվում և ես, չենք մասնակցելու ապրիլի 24-ին կայանալիք բացման արարողությանը»,- այդ ժամանակ հայտարարել էր Մութաֆյանը:

Հիշեցնելով Աղթամար կղզում վերանորգված հայկական եկեղեցու պատմությունը` Միլդանօղլուն մեջբերում է անում` նշելով. «Պետության խաղը չի դադարում»: Նա մեկ անգամ ևս ներկայացնում է ապրիլի 24-ին Չանաքքալեի հետ կապված թուրքական պետության նախաձեռնած նոր խաղը` արձանագրելով, որ այդ ամենը թուրքական պետության կեղծավոր դիրորոշման դրսևորումներն են: «Այս պահին պատմությունը ձայն է տալիս մեր հիշողություններին և ևս մեկ անգամ հիշեցնում Մեսրոպ պատրիարքի խոսքերը. «Բացման արարողությանը չեմ մասնակցելու»,- եզրափակել է հոդվածը Միլդանօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում