Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությանը չեն ներկայացել ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի ներկայացուցիչները
Նմանատիպ
Երեկ’ օգոստոսի 20-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում անցկացվել է Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը:
Հոգեհանգստի արարողությանը «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից և «Հայոց Համազգային շարժում» կուսակցությունից քիչ թե շատ հայտնի որևէ ներկայացուցիչ չի ներկայացել:
Փոխարենը, Սուրեն Սիրունյանի հոգեհանգստին ներկա են եղել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկու թևերի ներկայացուցիչները, ովքեր, ի դեպ, այժմ դադարեցրել են շփումները՝ պայմանավորված մարտավարական և այլ տարաձայնություններով: Կուսակցության մի թևից ներկա էին Ալեքսանդր Արզումանյանը, Մասիս Այվազյանը, Հովհաննես Ղազարյանը և այլոք, մյուսից՝ Արարատ Զուրաբյանը և նրա հետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լքած Դավիթ Առաքելյանը, Կարեն Կարապետյանը, Գառնիկ Ստեփանյանը և այլք:
Քաղաքական գործիչներից ներկա են եղել «Ժառանգություն» կուսակցությունից՝ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, «Հանրապետություն»-ից՝ Աշոտ Զաքարյանը, ՀԱԿ-ից հեռացած Անդրանիկ Քոչարյանը և անգամ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես»-ի հետ Սուրեն Սիրունյանի հարաբերությունները սրվել էին վերջին շրջանում, երբ Սիրունյանը, դժգոհելով Կոնգրեսի վարած քաղաքականությունից, դուրս եկավ ՀԱԿ-ից ու մամուլում հանդես եկավ մի շարք բացահայտումներով: