Սիրիան կպատասխանի Թուրքիայի ագրեսիային

Սիրիան կպատասխանի Թուրքիայի ագրեսիային

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեքդադը հայտարարել է, որ Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր հողը եւ հարմար պահի պատշաճ ձեւով պատասխանել Թուրքիայի ագրեսիային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Ֆ. Մեքդադն այդ հայտարարությունն արել է փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը Սիրիայի տարածքում թուրքական զորքերի իրականացրած ռազմական գործողության կապակցությամբ, որով թուրքական կողմը տարհանել էր Եփրատ գետի կղզիներից մեկում գտնվող Օսմանների դինաստիայի նախնիներից շահ Սուլեյմանի դամբարանը եւ այն պահպանող թուրքական զորախումբը` հեռացնելով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից:

Ֆ. Մեքդադի խոսքով` Թուրքիան նման պահվածքով ոտնահարում է Սիրիայի ինքնիշխանությունը:

Այդ գործողությունն իրականացնելու համար թուրքական բանակն օգտագործել էր 700 զինվորականի, մոտ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում` 39 տանկ: Սուլեյման շահի դամբարանը, այնտեղ պահվող արժեքավոր իրերն ու այն պահպանող զինծառայողներին թուրքական կողմը տեղափոխել է թուրք-սիրիական սահմանից 200 մ հեռավորությամբ Սիրիայի Էսմեի շրջանում գտնվող նույն մակերեսով տարածքով վայր: Այդ գործողության ընթացքում թուրքական բանակի մեկ զինվոր զոհվել է:

Սիրիան այդ առնչությամբ հայտարարել է, որ ԻՊ-ն քանդում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների եկեղեցիները, շիա մուսուլմանների դամբարանները, բայց ձեռք չի տալիս Սուլեյման շահի դամբարանին, ինչը խոսում է այն մասին, որ Թուրքիան սերտ կապեր ունի այդ ահաբեկչական կազմակերպության հետ:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ սրբությունների տեղափոխումը «դամաբարանի կարգավիճակի մասին պայմանավորվածությունների փոփոխություն չի նշանակում» եւ այն արվել է «անվտանգության նկատառումներով»:

Սուլեյման շահի (1178-1236) դամբարանը Թուրքիայի իրավազորության տակ է գտնվում 1921 թվականին Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրի համաձայն (այդ ժամանակ Սիրիան Ֆրանսիայի գաղութն էր): Դամբարանի զբաղեցրած տարածքը, որտեղ բարձրացված էր թուրքական դրոշը, պահպանում էր Թուրքիայի զինված ուժերի մոտ 50-հոգիանոց զորախումբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում