«Հայկական ժամանակ». Լևոն Զուրաբյանը անբարոյական է համարում Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի մասնակցելու թեման շահարկելը
Նմանատիպ
Ստորև ներկայացնում ենք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցից մի հատված.
-Այսօր կայքերում քննարկման առարկա էր դարձել այն, որ Կոնգրեսից ոչ ոք չի մասնակցել Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստին, ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքներին:
-Ես անձամբ քաղաքում չեմ եղել, Կոնգրեսից այլ մարդկանց մասնակցության վերաբերյալ տեղեկություն չունեմ և անբարոյականություն եմ համարում, որ թեման շահարկվում է:
-Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սեպտեմբերին հանրահավաք է լինելու, արդեն որոշվա՞ծ է օրը:
-Օրը դեռ որոշված չէ, բայց կարող եք չկասկածել, որ այդ տեղեկությունը իրողություն կդառնա:
– Ո՞վ է լինելու Հայ ազգային կոնգրեսի նախագահի թեկնածուն, և հնարավոր համարո՞ւմ եք, որ Կոնգրեսը այլ թեկնածուի պաշտպանի:
– Կարծում եմ, խնդիրը պետք է այսպես ձևակերպել’ ո՞վ կարող է որպես թեկնածու ամենաուժեղ մարտահրավերը նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին, և եթե հարցը այդպես ենք դնում, պատասխանն էլ ակնհայտ է’ պետք է լինի մարդ, որն ունի ամենահզոր կոնսոլիդացիոն պոտենցիալը, այսինքն, կարող է իր շուրջը իր հեղինակությամբ միավորել առավելագույն չափով քաղաքական ուժերի, լիդերների, պետք է լինի մի մարդ, որը կապահովի այն, որ Հայաստանում շարունակի գործել ընդդիմություն, որն անկաշառ է, անվերահսկելի է, անկառավսւրելի է իշխանությունների համար: Մենք հիմա ունենք այդպիսի ընդդիմություն. 2007-ին չենք ունեցել, հիմա ունենք, և սա ամենամեծ արժեքն է, որը պետք է պաշտպանել, որովհետև եթե իշխանություններին հաջողվեց այս համախմբումը մասնատել, ուրեմն’ նորից վերադառնալու ենք նույն իրավիճակին, երբ իշխանությունները լիովին վերահսկում են ընդդիմությանը և այնպես անում, որ ընդդիմությունը որևէ մարտահրավեր իշխանության համար չի հանդիսանում: Մեր թեկնածուն պետք է լինի այդպիսի մարդ, որ կարողանա ապահովել ընդդիմության հզորությունը և միասնությունը: Եկեք, եթե դեռ չենք գտել նման թեկնածուի, գտնենք:
-Ո՞վ է այդ թեկնածուն:
-Ինձ թվում է, այս 4-5 տարվա փորձը պետք է բավարար լիներ այդ հարցին պատասխանելու համար:
-Կարո՞ղ ենք միանշանակ ասել որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է:
-Ինքը պետք է որոշում ընդունի, նա այդ որոշումը կընդունի ըստ երևույթին սեպտեմբերին, հոկտեմբերին, երբ մանրամասն ուսումնասիրի իր ոեսուրսային հնարավորությունները, քաղաքական դաշնակիցների հնարավորությունները, ստեղծված միջազգային իրավիճակը, ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, և կշռադատելուց հետո վերջնական որոշում կընդունի: Իմ կարծիքով, նա այդպես է վարվում, որովհետև լուրջ քաղաքական գործիչ է և իր խնդիրը ՀՀ շահերից բխող որոշում կայացնելն է: Իմ և իմ թիմակիցների խնդիրը տեսնում եմ նրա մեջ, որ մենք կարողանանք ինչքան հնարավոր է’ նպաստավոր պայմաններ ստեղծել նրա դրական որոշման կայացման համար:
-Իսկ եթե չառաջադրվի, կա՞ որևէ այլ թեկնածու’ ձեր ասած հատկանիշներով:
-Ես հիմա այդ հարցի քննարկումը համարում եմ անիմաստ: