ԻՊ-ն պայթեցրել է Մոսուլի կենտրոնական գրադարանը

ԻՊ-ն պայթեցրել է Մոսուլի կենտրոնական գրադարանը

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ապստամբները Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մոսուլում, պայթեցրել են կենտրոնական գրադարանը:

Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրադարանի տնօրեն Ղանեմ աթ Թաանի խոսքով` պայթյունին հետևել է մեծ հրդեհը, որը գրավել է ողջ եռահարկ շինությունը:

Իրաքում ամենահներից մեկը համարվող գրադարանի բակում ԻՊ-ի ահաբեկիչները գրքերով և ձեռագրերով խարույկ են վառել: Ընդհանուր առմամբ ոչնչացվել է շուրջ 10 հազար հատոր գրականություն, որոնց թվում եղել են Իրաքի մշակութային ժառանգության եզակի նմուշներ:

Մոսուլ քաղաքը 2014թ. հուլիսից հայտնվել է ԻՊ-ի ձեռքում:

Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, ԻՊ-ն պայթեցրել էր Իրաքի հնագույն մզկիթներից մեկը՝ ալ Ֆարուկը: Անբարի մարզպետարանի ներկայացուցիչ Սուլեյման ալ Կաբիսիի խոսքով` մզկիթը ոչնչացվել է հիմնովին:

Մզկիթը գտնվում էր Անբար մարզում՝ Ռամադի քաղաքից 90 կմ հեռավորության վրա, որը հիմնվել էր 7-րդ դարի կեսին Օմար իբն ալ Խատտաբ ալ Ֆարուկի օրոք և նրա անունով անվանվել ալ Ֆարուկ:

Մինչ այդ ԻՊ-ն պայթեցրել էր Մոսուլում գտնվող հայկական նոր, դեռ չբացված եկեղեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում