Սիրիայում 5 ամսում միջազգային դաշինքի հարվածների արդյունքում շուրջ 1600 զոհ կան

Սիրիայում 5 ամսում միջազգային դաշինքի հարվածների արդյունքում շուրջ 1600 զոհ կան

Ակտիվիստների տեղեկացմամբ, 5 ամսում շուրջ 1600 մարդ են սպանվել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ միջազգային դաշինքի իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդային հարվածների հետևանքով սպանվել են ԻՊ-ի 1465 ահաբեկիչներ, որոնց մեծամասնությունը սիրիացիներ չեն, ևս 73-ը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներ են:

Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են 62 սիրիացի, այդ թվում՝ 8 երեխա և 5 կին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարությունը տեղեկացրել է, որ Սիրիայում և Իրաքում միջազգային դաշինքի իրականացրած արշավի արդյունքում ԻՊ-ի 8500 ահաբեկիչ են սպանվել:

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 23-ին:

Միջազգային դաշինքի կազմում ընդգրկվել են ավելի քան 60 երկիր, որոնցից 12-ը մասնակցում են Իրաքում և Սիրիայում ռազմական արշավին:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում