Էրդողանն ամբողջությամբ փոխել է դստեր թիկնազորի անդամներին

Էրդողանն ամբողջությամբ փոխել է դստեր թիկնազորի անդամներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր դստեր` Սումեյե Էրդողանի նկատմամբ մահափորձ ծրագրելու մասին տեղեկատվության տարածումից հետո կտրուկ քայլերի է դիմել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Սումեյեի անվտանգությունն ապահովող թիկազորի անդամներն ամբողջությամբ փոխվել են: Ծառայության են կանչվել նաև հատուկ ոստիկանական ծառայողներ: Փոխվել են նաև Էրդողանի ընտանիքի մյուս անդամների թիկնապահները:

Թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը, հղում կատարելով երկրի հետախուզության աղբյուրներին, օրերս հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր` Սումեյե Էրդողանի նկատմամբ մահափորձ էր պատրաստվել: Նշվում էր, որ մահափորձը ծրագրվել էր իրականացնել խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք նախատեսվում է անցկացնել առաջիկա հունիսի 7-ին: Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ Սումեյե Էրդողանը կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Թուրքիայի իշխանամետ թերթը գրել է, որ երկրի ղեկավարի դստեր դեմ մահափորձը ծրագրել են ներկայում ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում