Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը ուղերձով դիմել է գյումրեցիներին
Նմանատիպ
Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը գյումրեցիներին ուղղված ուղերձով է հանդես եկել, որում ասված է.
Հարգելի Գյումրեցիներ,
Մեր հարազատ քաղաքը գյումրեցիների արժանավայել բնակատեղին դարձնելու ազգանվեր առաքելությունը յուրաքանչյուրիս սուրբ պարտքն է ներկայիս և ապագա սերունդների, ինչպես նաև, մեր նախնիների առջև, որոնք մեզ Գյումրին կտակել են որպես կենսախինդ և ուրախ, հումորի և արվեստի հարուստ բնօրրան:
Յուրաքանչյուրս, ռեալ գնահատելով մեր հնարավորությունները և ունակությունները, պետք է անմնացորդ կերպով մեզ նվիրենք այդ ազգանվեր գործին, այնպես, ինչպես դա կանեինք սեփական ընտանիքի ու երեխայի համար, քանզի քաղաքը իրականում ոչ թե քաղաքաշինական բնորոշմամբ շենքերի ու կառույցների անշունչ համայնապատկեր է, այլ այդտեղ բնակվող անձանց և նրանց ընտանիքների կենդանի օրգանիզմ, որը շնչում է, ունի հոգի և բնութագրվում է որպես մի մեծ ընտանիք, որը ունի ինչպես նյութական բավարարվածության, այնպես էլ հոգեկան ներդաշնակության և բարեկեցության իրավունք:
Լինելով կայացած քաղաքական գործիչ, ով բազմիցս ընդունել է որոշումներ և համակարգել դրանց իրականացումը, որոնք ենթարկվել են ժամանակի փորձությանը և արժանացել դրական գնահատականի, գիտակցելով խնդրի ողջ բարդությունը և ունենալով դրանց հաղթահարման համար անհրաժեշտ և հիմնավորված լուծումներ’ իմ պարտքն եմ համարում ներդնել իմ անձնական փորձը և ունակությունները իմ հարազատ քաղաքի և մեծ ընտանիքի վերածննդի և բարգավաճման գործում:
Իմ անցած կյանքի ուղին և կուտակած փորձս գնահատում եմ բավարար ղեկավարի և կազմակերպչի պարտականությունները ստանձնելու համար, և իմ ու իմ նվիրյալների թիմի հետևողական և համակարգված աշխատանքի շնորհիվ’ հասնելու ցանկալի արդյունքների:
Իմ նվիրյալների թիմը Գյումրի քաղաքի ողջ բնակչությունն է, որոնցից յուրաքանչյուրը իր անձնական մասնակցությամբ ըստ ունակությունների և հնարավորության, ընտրած մասնագիտության և աշխատանքի’ հավասար հնարավորություններով պետք է ներգրավվի իր մեծ ընտանիքի կենսապահովման և ծաղկեցման գործընթացին:
Ձեր քննարկմանն եմ ներկայացնում հակիրճ նախընտրական ծրագիր, որը հանդիսանալու է մեր գործունեության հիմնառանցքը:
Ծրագրում նշածս դրույթները նախնական ուրվագիծն են այն բազմաթիվ խնդիրների և գործառույթների, որոնք անհրաժեշտ է իրականացնել Գյումրու վերածննդի և բարգավաճման հիմնախնդրի լուծման համար, որն ավելի ամբողջական և մանրամասն կներկայացվի Գյումրու զարգացման քառամյա ծրագրով:
Համոզված եմ, որ համընդհանուր պատասխանատու և հետևողական աշխատանքի արդյունքում Գյումրին դառնալու է հնի և նորի համակցությամբ կերտված, սոցիալապես ապահով, խոսքի ազատության, փոխադարձ հարգանքի, կարեկցանքի, փոխզիջման և մարդասիրության վեհ դրսևորումներով լեցուն քաղաք: Ոչ միայն դադարելու է բնակչության արտահոսքը, այլ նաև բարենպաստ պայմաններ և վստահություն է ներշնչելու այս տարիների անելանելի վիճակի պատճառով ստիպված Գյումրին լքած և կարոտը սրտներում վերադարձի տենչող մեր հայրենակիցներին, որոնք աշխարհի որևէ քաղաք և հարստություն չեն փոխի իրենց հոգու օրրանի’ հարազատ Գյումրու հետ և, անտարակույս, մեծ ցնծությամբ կվերադառնան հայրենիք:
Եվ այս աստվածահաճո գործում թող որ Աստված մեզ պահապան լինի և օրհնի մեր նախաձեռնությունները:
Հարգանքներով’
Սամվել Բալասանյան