Սիրիայի հանդեպ Թուրքիայի գործունեությունը հայերի նկատմամբ վարած քաղաքականության շարունակությունն է. Սիրիայում ՀՀ դեսպան

Սիրիայի հանդեպ Թուրքիայի գործունեությունը հայերի նկատմամբ վարած քաղաքականության շարունակությունն է. Սիրիայում ՀՀ դեսպան

Թուրքիայի քաղաքական գործիչների գործունեությունը Սիրիայի ժողովրդի նկատմամբ նույն քաղաքականության շարունակությունն է, ինչ եղել է հայ ժողովրդի հանդեպ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը, այս մասին սիրիական ՍԱՆԱ գործակալությանը տված հարցազրույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը՝ ավելացնելով, որ հայ և արաբ ժողովուրդներն ունեն նման պատմական անցյալ արաբական խալիֆայության ժամանակներից ի վեր, երբ Հայաստանը Սիրիայի դրացի երկիր էր` նախքան թուրքերի հայտնվելը այս տարածաշրջանում: Սակայն նրանք աստիճանաբար իրենց արշավների միջոցով տիրել են այս տարածքներին՝ կցելով դրանք Օսմանյան կայսրությանը: Փոլադյանը հայոց բնաջնջման հետ կապված հայտնել է. «Երբ հայ ժողովուրդը սկսել է պահանջել իր իրավունքները և անկախությունը, Օսմանյան կայսրությունը սկսել է ոճրագործ քայլերի դիմել սկսած Սուլթան Աբդուլ Համիդի օրերից մինչև իթթիհադականների կառավարության ժամանակը»:

Դեսպանի խոսքով` սուլթանի դեմ պայքարող իթթիհադականները, ովքեր հայ ժողովրդին ազատության խոստումներ էին տալիս, դիմել են ամենավայրագ քայլին՝ իրականացնելով ցեղասպանությունը՝ նրա դեմ օգտագործելով կրոնական ազդակը: Այդպիսով, ցանել են ծայրահեղական սերմերը, որոնց արդյունքները տեսնում ենք այսօր իսլամական ծայրահեղական շարժումների պարագայում: Օսմանցի թուրքերն ատելությամբ էին լցված հայերի հանդեպ, սակայն արաբ իսլամ սիրիացին գրկաբաց ընդունել է տարհանված հայերին:

«Պատմությունն ինքնըստինքյան կրկնվում է, հայրենասպանությունը կատարվում է նաև սիրիայի ժողովրդի հանդեպ, ինչպես հայերի»,-նշել է Փոլադյանը:

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հարցազրույցի ավարտին երախտագիտություն է հայտնել սիրիացի արաբ ժողովրդին, ով հայերի կողքին է եղել արհավիրքի օրերին: Բարեկամ երկրի համար այս դժվարին օրերին ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Սիրիայի քաջարի ժողովրդին իր վեհանձն կեցվածքի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում