Խարկովում կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է չորսի

Խարկովում կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է չորսի

Փետրվարի 22-ին Խարկովում կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է չորսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի ՆԳ նախարարության ղեկավարի խորհրդական, ժողովրդական պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:

«Այսօր առավոտյան ժամը 5-ին, հիվանդանոցում, ահաբեկչական գործողության հետեւանքով ստացած ծանր վերքերից մահացել Է 18-ամյա Նիկոլայ Մելնիչուկը, որը Խարկովի քաղաքային տնտեսության ակադեմիայի ուսանող Էր: Նա դարձավ ոչ մի մեղք չգործած չորրորդ խարկովցին, որը զոհվեց «Խարկովի պարտիզան-ահաբեկիչներ» ահաբեկչական կազմակերպության ձեռքով»,-փետրվարի 24-ի առավոտյան «Ֆեյսբուք»-ում գրել Է Գերաշչենկոն:

Նրա խոսքով՝ Խարկովի հիվանդանոցներում դեռեւս մնում են բանակային հակահետեւակային ականի կիրառմամբ «լկտի ու արյունալի ահաբեկչական գործողության» ինը տուժածներ:

Խարկովում պայթյունը փետրվարի 22-ին տեղի Է ունեցել Մարզապալատի մոտ՝ Կիեւի մայդանի հաղթանակի տարեդարձի կապակցությամբ երթ անցկացնելու համար շարասյուն կազմելու ժամանակ: Ինչպես հաղորդվել Է, երկու մարդ զոհվել Էր տեղում, եւս մեկը փետրվարի 23-ին մահացել Էր հիվանդանոցում: Հոսպիտալացվել Էր ավելի քան 110 մարդ:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, պայթյունի փաստով քրեական գործ Է հարուցվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 258 հոդվածով (ահաբեկչական գործողություն): Նախնական տվյալներով՝ Մարզապալատի մոտ պայթեցվել Է հակահետեւակային ական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում