Ադրբեջանում թույլ չեն տվել երկրից դուրս գալ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի նախկին ղեկավարին

Ադրբեջանում թույլ չեն տվել երկրից դուրս գալ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի նախկին ղեկավարին

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի նախկին ղեկավար Բաբեկ Բաքիրովին փետրվարի 23-ի առավոտյան Բաքվի օդանավակայանում թույլ չեն տվել բարձրանալ ինքնաթիռ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշվում է, որ Բ. Բաքիրովին արգելել են դուրս գալ Ադրբեջանից դատախազության հանձնարարությամբ: Հետաքրքիր է, որ նման արգելքի մասին նրան նախապես չի զգուշացվել կամ որեւէ մեղադրանքի մասին չի հայտնվել:

«Ազատություն»-ը հայտնել է, որ փետրվարի 23-ին Բաքվի գրասենյակի արտահաստիքային աշխատակիցներից մեկին, ով անվտանգության նկատառումներով չի ցանկացել հրապարակել անունը, կանչել են դատախազություն` հարցաքննության:

Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի դուռը դատախազությունը կնքել էր եւ հարցաքննել ռադիոկայանի 26 լրագրողներին ու արտահաստիքային աշխատակիցներին:

Բաքվի Սաբայիլի դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 5-ին որոշում էր ընդունել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակից Խադիջա Իսմայիլովային 2 ամիս ժամկետով կալանքի տակ վերցնելու մասին` հետագայում եւս 5 ամսով երկարացնելով նրա կալանման ժամկետը: Սկզբում նրան մեղադրանք է ներկայացվել ռադիոկայանի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաեւին «ինքնասպանության հասցնելու» մեջ, երբ վերջինս հետ է վերցրել այդ մասին իր հայցը, Խ. Իսմայիլովային այժմ էլ «մեղադրում» են գործունեության մեջ «լիազորությունները չարաշահելու», «ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու» եւ այլ անհեթեթությունների մեջ:

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը:

Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ ճնշումը դատապարտել են ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, ԵԱՀԿ-ը եւ Եվրոպայի Խորհուրդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում