Հարկավոր է հանրայնացնել Արցախի որոշ բնակավայրերի հայերեն անվանումները. ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյան

Օբյեկտիվորեն են արդյոք ներկայացված ներկայիս արցախյան իրողությունները հայկական լրատվական դաշտում: Այսպիսի հարցադրումն առաջին հայացքից կարող է թվալ տարօրինակ, սակայն միայն առաջին հայացքից: Իրականում այստեղ խնդիր կա: Բանն այն է, որ հաճախ հայրենի լրատվամիջոցներով Արցախի որոշ բնակավայրեր իրենց ներկայիս հայերեն անվանումների փոխարեն, մեր հանրությանը ներկայացվում են նախկին թուրքերեն անվանումներով: Ավելին. այս խնդրին երբեմն կարելի է հանդիպել անգամ պաշտոնական գրագրության մեջ: Եվ դա այն դեպքում, երբ այդ բնակավայրերը անվանափոխված են պաշտոնապես:
Արցախյան ազատամարտի արդյունքում ազատագրվեց հայոց հայրենիքի մի մասը, որի վրա վերջին տասնամյակներին խորհրդային Ադրբեջանի իշխանությունները հիմնել էին բազմաթիվ թրքանուն բնակավայրեր, որտեղ բնակեցրել էին անդրկովկասցի թուրքերի: Արցախյան շարժման ակզբին, 1988-ի դրությամբ խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ-ի շուրջ ձևավորել էին թրքաբնակ բնակավայրերի կենդանի շղթա, որով բառիս բուն իմաստով օղակել հայկական ինքնավարությունը: Բնականաբար այդ ամենն Արցախն աստիճանաբար հայաթափելուն նպատակաուղղված քաղաքականություն էր:
Պատերազմի տարիներին այդ բնակավայրերը վերածվեցին ադրբեջանական զինուժի հենակետերի և պատերազմի տրամաբանության համաձայն ոչնչացվեցին Արցախի ինքնապաշտպանության ուժերի կողմից, իսկ թուրք բնակչությունն’ իր ղեկավարության ագրեսիվ արկածախնդրության ակտիվ մասնակիցը, պարտված ադրբեջանական ուժերի հետ միասին լքեց դրանք: Արդեն հետպատերազմյան շրջանում մի քանի տասնամյակի պատմություն ունեցող այդ բնակավայրերը ինտեգրվեցին Արցախ պետությանը: Հիմնվելով հենց այդ հանգամանքի վրա Արցախի կառավարության որոշմամբ նախկին թրքանուն բնակավայրերը վաղուց է ինչ անվանափոխվել են: Այստեղ տեղին է հիշեցնել, որ նախկին Աղդամը վերանվանվել է Ակնա, նախկին Ջաբրաիլը’ Ջրակն, նախկին Զանգելանը’ Կովսական, նախկին Կուբաթլուն’ Սանասար ավան, նախկին Լաչինը’ Բերձոր, նախկին Քելբաջարը’ Քարվաճառ:
Սակայն մեզանում հաճախ կիրառվում են այդ բնակավայրերի նախկին’ թուրքերեն անվանումները. հարց է ծագում’ ինչու: Անտեղյակության արդյունք է դա, թե իռացիոնալ վախվորածության: Առավել քան ակնհայտ է, որ իրերի նման դրությունը ուղղակիորեն սպառնում է մեր երկրի հոգեբանական – տեղեկատվական անվտանգությանը:
Հարկ է հստակ գիտակցել. ազատագրված Արցախի որոշ բնակավայրերի նախկին թրքանուն ձևերի կիրառությունը հայաստանյան հանրային գիտակցության մեջ օտարում է այդ բնակավայրերը ՙմեր՚-ի, ՙհայկականի՚ տիրույթից: Տպավորություն է ստեղծվում, թե այդ բնակավայրերը հայոց հավաքական ՙմենք՚-ի հետ կապ չունեն: Եթե այս կերպ շարունակվի, ապա հայաստանյան հանրային ընկալումներում այդ բնակավայրերը կարող են աստիճանաբար նույնանալ ՙօտարի՚ հոգեբանական տիրույթի հետ: Այսինքն առկա է հայաստանյան հանրության մոտ Հայաստան հայրենիքի ամբողջական, օբյեկտիվ ընկալումների աղճատման վտանգ:
Առավել քան ակնհայտ է, որ հայապատկան և դարեր շարունակ հայաբնակ տարածքներում’ Հայաստան հայրենիքում խորհրդային Ադրբեջանի կողմից մի քանի տասնամյակ առաջ հիմնած բնակավայրերը հայոց համար չեն կարող լինել օտար: Հարկ է հիշել նաև, որ նախկին ԼՂԻՄ-ին հարակից հայկական տարածքները բռնի կերպով հայաթափվել են 1918 – 1920 թվականներին, իսկ անդրկովկասցի թուրքերով ինտենսիվ բնակեցվել’ արդեն խորհրդային տարիներին:
Հարկ է հիշել. այսօր Արցախի բոլոր բնակավայրերը հայանուն են և հայաբնակ: Սակայն, որպեսզի այդպիսին մնան նաև հետայսու հարկավոր է հայաստանաբնակ հայության հանրային գիտակցության մեջ ամրապնդել դրանց հայերեն անվանումները, եթե իհարկե ցանկանում ենք, որ Արցախի հանդեպ յուրաքանչյուր հայ ունենա տիրոջ զգացողություն, այն ընկալի իբրև հող հայրենի: Ի դեպ. սա ընդամենը ժամանակի խնդիր է: Չէ՞ որ այսօր մեզանում արդեն ոչ ոք Ծաղկաձորի փոխարեն չի ասում  Դարաչիչակ, Վարդենիսի  փոխարեն’ ՙԲասարգեչար:
Եվ ուրեմն հարկ է բացառել այս բնակավայրերի նախկին թուրքերեն անվանումների կիրառությունը և պաշտոնական գրագրության մեջ, և լրագրության ոլորտում: Ավելին. հասարակական-պետական գործիչները, լրագրողները պետք է հանրայանացնեն այս բնակավայրերի հայերեն անվանումները: Ի վերջո հարկավոր է հարգել Արցախի կառավարության որոշումները, որոնք հիմնված են արցախահայության հավաքական կամքի վրա:
Տեղին է հիշեցնել. նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող հայկական տարածքները, որոնք ազատագրվել են Արցախյան ազատամարտի ընթացքում ներկայումս կազմում են Արցախի անբաժանելի մասը’ համաձայն հայոց երկրորդ պետության սահմանադրության: Ըստ այդմ Արցախի կառավարությունը մայր հայրենիքին այդ տարածքների վերաինտեգրմանը տվել է հետևյալ վարչատարածքային տեսքը:
Նախկին Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի շրջանը և ադրբեջանական զորքերի կողմից ներկայումս օկուպացված Շահումյանի շրջանը միավորվել են համանուն մեկ շրջանի մեջ: Իսկ, որպեսզի լինենք առավել ճշգրիտ, ապա նախկին խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջանը ներկայումս կազմում է Արցախի Շահումյանի շրջանի հարավ-արևմտյան հատվածը: Շահումյանի շրջանի շրջկենտրոնը Քարվաճառն է:
Ադրբեջանական ԽՍՀ նախկին Լաչինի, Կուբաթլույի, Զանգելանի շրջանները ինտեգրվելով Արցախ պետությանը ներկայումս միավորվել են մեկ վարչատարածքային միավորի մեջ և կազմում են Արցախի Քաշաթաղի շրջանը’ Բերձոր շրջկենտրոնով:
Ադրբեջանական ԽՍՀ նախկին Ջաբրայիլի շրջանը և Ֆիզուլիի շրջանի մի մասը միավորված է Արցախի Հադրութի շրջանին: Ֆիզուլիի շրջանի մյուս մասը միավորված է Մարտունու շրջանին:
Խորհրդային Ադրբեջանի նախկին Աղդամի շրջանը բաժանվել է Արցախի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների միջև, իսկ նախկին Աղդամին’ Ակնային, տրվել է Ասկերան քաղաքի արվարձանի կարգավիճակ:
Ահա այսպիսի վարչատարածքային կառուցվածքով է այսօր զարգանում Արցախ պետությունը: Այսպիսին են ներկայիս արցախյան իրողությունները:
Ի դեպ. խնդիրն ունի նաև քաղաքական ենթատեքստ: Շրջանառության մեջ դնելով արցախյան բնակավայրերի հայերեն անվանումները թե՜ մեր երկրում, թե՜ երկրից դուրս մենք էլ ավելի ենք ամրապնդում Արցախի հայապատկան լինելու անշրջելիությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում