Ադրբեջանում եւս մեկ հայտնի իրավապաշտպան են ձերբակալել
Նմանատիպ
Ադրբեջանի Գյոյչայի շրջանում այսօր առավոտյան ձերբակալվել է հայտնի իրավապաշտպան եւ նախկին «խղճի բանտարկյալ» Թալեհ Խասմամեդովը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով իրավապաշտպանի մորը` Գյուլբյուլի Խասմամեդովային:
Նրա խոսքով` ինքը Թալեհի հետ միասին գնացել է քաղաքային շուկայի մոտ գտնվող կահույքի խանութ: Ներս մտնելուն պես իրենց մոտեցել է մի անծանոթ մարդ եւ թքել Թալեհի դեմքին:
«Երբ որդիս հարցրեց, թե ինչու է այդպես վարվում, անծանոթն ընկավ գետնին եւ ձեւացրեց, թե ուշագնաց է եղել: Դեպքի վայրում անմիջապես հայտնվեցին ոստիկաններ, որոնք ձերբակալեցին որդուս: Նրանք ձերբակալեցին նաեւ մի ականատեսի, ով ասաց, թե Թալեհը մեղավոր չէ»,- հայտնել է նրա մայրը:
Թ.Խասմամեդովը Գյոյչայում տեղի ունեցող անօրինականությունների մասին հաճախ է քննադատությամբ հանդես գալիս մամուլում: Երեկ նա տեղեկություն էր հաղորդել նաեւ Գյանջայի քրեակատարողական հաստատությունում դատապարտյալի ինքնասպանության դիմելու մասին:
Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են մոտ 100 լրագրողներ, իրավապաշտպաններ, բլոգերներ եւ ակտիվիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում