ԼՂՀ վարչապետն ընդունել է Արմեն Երիցյանին

ԼՂՀ վարչապետն ընդունել է Արմեն Երիցյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը ողջունել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների բազմապատկման անհրաժեշտությունը: Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԼՂՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև բնագավառում նախատեսվող բարեփոխումների հիմունքները:

Արմեն Երիցյանը, շեշտադրելով իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու ՀՀ և ԼՂՀ պետական մարմինների միջև ոլորտային համագործակցության զարգացմանը, առաջիկա քայլերի վերաբերյալ ներկայացրել է իր պատկերացումները: Կողմերի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել առկա համատեղ ծրագրերի խորացման ուղղությամբ: Մասնավորապես, միջմարզային համագործակցության և արտակարգ իրավիճակների բնագավառի մասնագետների վերապատրաստման հարցերը գտնվելու են պետական համապատասխան մարմինների ուշադրության ներքո:

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում