«Հրապարակ». Կարեն Կարապետյանը` նախագահի հավանական թեկնածու

«Հրապարակ»  օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում վերջերս սկսել է շրջանառվել նախագահի նոր թեկնածուի անուն: Խոսքը «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասին է: Նա կարող է լինել նախագահի միասնական թեկնածու. միասնական այն իմաստով, որ նրա թեկնածության շուրջ կարող են համախմբվել միանգամից մի քանի ուժեր:
Չնայած բոլորը նշում են, որ Կարեն Կարապետյանը խիստ զգուշավոր անձնավորություն է և չի սիրում մասնակցել այնպիսի էքստրեմալ միջոցառումների, ինչպիսին մեզանում նախագահական ընտրություններն են, և նույնիսկ Երևանի քաղաքապետի խիստ քաղաքական պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հայտարարեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ ընդամենը մենեջեր, սակայն հնարավոր է, որ նա պարտադրված լինի գնալ նման քայլի: Իսկ Կարապետյանին նման քայլի կարող են դրդել ռուսական իշխանությունները, որոնք, ինչպես հայտնի է, հսկայական ազդեցություն ունեն Կարապետյանի վրա: Կարապետյանն այսօր էլ զբաղեցնում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնը:
Նրա թեկնածության շուրջ կարող է ներքաղաքական կոնսենսուս ձևավորվել երկու քաղաքական խմբավորումների՝ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև: Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի մերձավոր և միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հեռավոր ազգականն է: Բայց միայն ազգակցական կապերը չէ, որ միավորում են Կարապետյանին և Քոչարյանին. նրանք համարվում են միևնույն քաղաքական թիմի ներկայացուցիչներ: Այնպես որ, Կարապետյանը Քոչարյանի համար նախագահի լավագույն թեկնածուն է, և ԲՀԿ-ն, նրա հրահանգով, պատրաստակամորեն կպաշտպանի Կարապետյանի թեկնածությունը:
Կարապետյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում ԲՀԿ-ն ևս հիմնավորումների պակաս չի ունենա. նրան կներկայացնեն որպես լավ տնտեսվարող, ում պաշտոնավարման ընթացքում գազիֆիկացվեց Հայաստանը, ով, քաղաքապետի պաշտոնը ստանձնելով, պայքար սկսեց քաղաքի դեմքն աղավաղող կրպակների ու փողոցային առևտրի դեմ և դեռ շատ լավ բաներ կաներ մեր քաղաքի համար, բայց, ավաղ, ստիպված էր կամ, ավելի ճիշտ՝ նրան ստիպեցին հեռանալ ներկա իշխանությունները: Կարապետյանի թեկնածության առաջադրման դեպքում ավելի հուզիչ և սրտաճմլիկ տեսարաններ էլ կարող են ներկայացվել:
Նրա թեկնածությունը գրավիչ է նաև ՀԱԿ-ի համար, որը վերջին շրջանում անվերապահորեն նվիրվել է ԲՀԿ-ին: Նախ, եթե նախագահական ընտրություններում առաջադրվեր որևէ ԲՀԿ-ական թեկնածու, ապա ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի համար բավական դժվար կլիներ իր կողմնակիցներին համոզել պաշտպանել այլ կուսակցության անդամի, որքան էլ որ Տեր-Պետրոսյանը փորձի համոզել, որ ԲՀԿ-ն իրեն անշահախնդրորեն նվիրել է ռեժիմի դեմ պայքարին: Բայց Կարեն Կարապետյանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է. նա կուսակցական չէ և այդ իմաստով կարող է լինել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀԱԿ-ի թեկնածուն: Այս պարագայում ՀԱԿ-ում ևս չեն դժվարանա Կարեն Կարապետյանի թեկնածության պաշտպանությունը հիմնավորելու հարցում: Հնարավոր է, որ ի հայտ գան իշխանությունների կողմից ներդրված մի քանի ՀԱԿ անդամներ, ովքեր կպնդեն, որ Կարեն Կարապետյանը նույնպիսի օլիգարխ է, ինչպես մյուս բոլոր օլիգարխները, բայց պատմական փորձը ցույց է տվել, որ նման լրտեսներն ու դավաճանները բացահայտվելուց հետո օպերատիվորեն չեզոքացվում են:
Ինչպես տեսնում եք՝ Կարեն Կարապետյանը կարող է դառնալ Ռուսաստանի և նրա հայաստանյան երկու հովանավորյալ ուժերի՝ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միասնական թեկնածուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում