Թուրքիան շարունակելու է աջակցել եղբայրական Ադրբեջանին. Չավուշօղլու

Թուրքիան շարունակելու է աջակցել եղբայրական Ադրբեջանին. Չավուշօղլու

Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է բոլոր հարցերում աջակցել եւ պաշտպանել եղբայրական Ադրբեջանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, անդրադառնալով Հարավային Կովկասի հակամարտություններին, Չավուշօղլուն ասել է, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակում» հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքական կուրսի «հիմնական առաջնություններից» մեկը:

«Համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, մասնավորապես` ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ը պետք է բազմապատկեն ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների լուծման համար», -ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով` որպես Մինսկի խմբի անդամ, Թուրքիան բազմակողմանի հարթակներում եւ երրորդ երկրների հետ շփումներում «մշտապես բարձրացնում է ղարաբաղյան հակամարտության թեման, որը համարում է իր խնդիրը»:

«Մենք այսուհետեւ եւս շարունակելու ենք միջազգային հանրությանը տեղեկացնելու եւ այդ խնդիրը եղբայրական Ադրբեջանի շահերին համապատասխան արագ լուծելու գծով մեր գործունեությունը», -ասել է նա:

Չավուշօղլուն նաեւ հայտարարել է, որ Հարավային Կովկասը, Միջերկրական եւ Սեւ ծովերի ավազանները մշտապես մեծ նշանակություն են ունեցել Թուրքիայի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում