Լեյլա Յունուսի` Ադրբեջանում փակված կազմակերպությունը գրանցվել է Ամստերդամում

Լեյլա Յունուսի` Ադրբեջանում փակված կազմակերպությունը գրանցվել է Ամստերդամում

Ամստերդամի քաղաքային իշխանությունները գրանցել են Ադրբեջանում փակված Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը, որի տնօրենն է ներկայում ադրբեջանական կալանավայրում գտնվող հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը` հղում կատարելով Լ.Յունուսի դստերը` Դինարա Յունուսին:

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտն Ադրբեջանում հիմնադրվել էր 1995 թվականին Բաքվում:

Բաքվի վճռաբեկ դատարանն այսօր կայացրած վճռով չի բավարարել կալանքը չեղյալ համարելու վերաբերյալ Լ.Յունուսի դիմումը` թողնելով նրան ճաղերի հետեւում:

Լեյլա Յունուսը եւ նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա մոտ 100 քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրաձայնումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված` ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Սերխիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի:

Տեղական եւ միջազգային հանրության աջակցությությունը սրընթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում