Խ.Ասրյանը՝ պարաօլիմպիկ խաղերին մեկնող մարզիկներին. «Անկախ ձեռքբերված արդյունքներից, դուք արդեն մեր հաղթողներն եք»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը հանդիպեց 2012 թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը կայանալիք ամառային պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն մեկնող հայ մարզիկների հետ:

Ողջունելով ներկաներին’ Ասրյանը մասնակիցներին մաղթեց պահպանել մարտական ոգին և անել առավելագույնը՝ լավ արդյունքներ գրանցելու համար:

«Սակայն, անկախ ձեռքբերված արդյունքներից, հիշեք, որ դուք արդեն մեր հաղթողներն եք, մենք հպարտանում ենք ձեզանով և հայրենիքը սպասում է ձեզ», – նշեց փոխնախարարը: Միաժամանակ, նա իր գոհունակությունը հայտնեց պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային պարաօլիմպիկ խաղերի կոմիտեի կողմից կատարված կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ մեր 6 հոգուց բաղկացած պատվիրակությունը Լոնդոն կմեկնի օգոստոսի 24-ին: Հայաստանի ազգային պարաօլիմպիկ խաղերի կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ մեր պատվիրակությունը մեկնում է հաղթական տրամադրվածությամբ և մրցանակային արդյունքների ակնկալիքով:

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր համապատասխան որոշման մեջ, համաձայն որի սահմանվել են դրամական մրցանակներ օլիմպիական պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում և աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկների, մարզիչների, բժիշկների և մարզական կազմակերպությունների համար:

Լոնդոնյան խաղերին Հայաստանը ներկայացնելու են 2 մարզիկ. ծանրորդ Գրետա Վարդանյանը և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը:
Բարի ճանապարհ և բարի վերադարձ ենք մաղթում մեր մարզիկներին և սպասում նրանց հաղթական վերադարձին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում