Ոչ միայն ոտքից եք թոփալ, այլ նաև` ականջից. Գալուստ Սահակյան
Նմանատիպ
Ազգային ժողովում շարունակվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը հայտնելու համար ամբիոնին մոտեցավ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Պատգամավորն ընդգծեց, որ օրենքի նախագծով կառավարությունը ՀՀ-ից արտահանումը խթանելու համար հնարավորություն է տալիս տարեկան 50 միլիարդ դրամի արտահանում իրականացնող կազմակերպություններին վճարել ընդամենը 2 տոկոս շահութահարկ: «Երբ մենք ասում էինք, որ Եվրասիական տնտեսական միությունը լավ հնարավորություն է, սրա մասին էինք ասում: Հիմա մենք ասում ենք, որ այն կազմակերպությունը, որը կկարողանա տարեկան 50 միլիարդ դրամի արտահանում իրականացնել, կվճարի 2 տոկոս շահութահարկ: Հիշեցնեմ, որ սա վերաբերում է միայն արտահանմանը, և եթե կազմակեր պությունը փորձի իր արտադրանքը ներքին շուկայում իրականացնել, չի կարողանա օգտվել այս արտոնությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Այվազյանը:
Քննարկմանը տեղից միջամտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ինչը բարկացրեց Վարդան Այվազյանին: Այվազյանը և Բագրատյանը թեժ բանավեճ սկսեցին: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին հորդորեց քննարկումը երկխոսության և բանավեի չվերածել: «Ես խոստանում եմ, որ ձեզ համար հատուկ ռեժիմ ստեղծեմ, որ կարողանաք մի լավ վիճել իրար հետ: Հիմա խնդրում եմ դադարեցրեք երկխոսությունը»,- հայտարարեց Սահակյանը:
Վարդան Այվազյանը շարունակեց իր ելույթը, սակայն պատգամավորները կրկին տեղից խանգարում էին: Այս անգամ տեղից միջամտեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Պարոն Մինասյան, երբ Դուք ելույթ կունենաք, ես Ձեր ժամանակից մեկ րոպե հանելու եմ, քանի որ արդեն մեկ րոպե Դուք տեղից խոսում եք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Որքան էլ ԱԺ նախագահը փորձում էր հանդարտեցնել պատգամավորներին, նրանք շարունակում էին տեղից արձագանքել Վարդան Այվազյանի դիտարկումներին: Հրանտ Բագրատյանը ձայնի իրավունք խնդրեց և հայտնեց, որ այս օրենքի նախագիծը ունի բազմաթիվ թերություններ, և չի կարելի այն այս տեսքով ընդունել: Նա հորդորեց շահութահարկը 2 տոկոս դարձնել բոլորի համար: Գալուստ Սահակյանն էլ Հրանտ Բագրատյանին կատակով խորհուրդ տվեց ամեն ինչ խորությամբ չլսել, որպեսզի Ազգային ժողովի նիստը վիճաբանության չվերածվի:
Այնուհետև ձայնի իրավունք խնդրեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը՝ հայտարարելով, որ պետք է արձագանքի, քանի որ Վարդան Այվազյանն իր ելույթի ընթացքում հնչեցրել է իր անունը: «Է, ի՞նչ անենք հնչեցրել են Ձեր անունը: Լավ անուն է, հնչեցրել են»,- կատակեց Սահակյանը:
Երբ ԱԺ նախագահին հաջողվեց հանդարտեցնել կրքերը, նա հայտարարեց, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին կհորդորի օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներ կազմակերպել, որին կկարողանան մասնակցել բոլոր նրանք, ովքեր շահագրգռված կլինեն: «Պարոն Բագրատյան, Դուք, ինչպես տեսնում եմ, շատ ակտիվ եք: Դուք կարող եք մասնակցել այդ քննարկումներին, հնչեցնել Ձեր կարծիքը: Եվ ընդհանրապես, այդ քննարկումներին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան մասնակցել: Դե, Արծվիկ Մինասյանին էլ չեմ ասում, որովհետև ասեմ ՝ չասեմ, ինքը մասնակցելու է: Ես կարծում եմ, որ այս խոսափողներն են, որ ձեզ տանում են պատերազմի, դրա համար եմ ցանկանում այս հարցի վերաբերյալ լրացուցիչ քննարկումեր ծավալել: Ես դա կկազմակերպեմ մյուս շաբաթ: Սա վատ օրենք չէ: Ես կարծում եմ, որ դուք կկարողանաք սա քննարկել և համաձայնության գալ»,- հայտարարեց Սահակյանը:
Տեղից արձագանքեց նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով հերթական անգամ նիստին ներկայացել էր ձեռնափայտով:
«Ես ինչպես հասկանում եմ, Դուք միայն ոտքից չեք թոփալ, նաև ականջից եք թոփալ: Ես բոլոր շշուկները լսում եմ: Որտեղ հասնում եք, այնտեղ խոսում եք և ապտակը ստանում եք, հիմա հանգիստ նստեք»,- դիմելով Զուրաբյանին`հայտարարեց Սահակյանը՝ եզրափակիչ ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրելով հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում