«Հայկական ժամանակ». Սամվել Բալասանյանը վիրավորել է թղթակցուհուն
Նմանատիպ
Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ներկայում Աժ պատգամավոր, նաև Աժ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը նախօրեին հեռախոսով վիրավորել է «Հայկական ժամանակի» թղթակցուհուն: Թղթակցուհին ընդամենը զանգահարել էր Սամվել Բալասանյանին’ մի իրադարձության շուրջ փաստեր ճշտելու նպատակով, այսինքն’ գործել էր իր մասնագիտական պարտականությունների շրջանակներում: Որոշ ժամանակ անց Բալասանյանը միջնորդների միջոցով թղթակցուհուն փոխանցել է, թե նման բան չի եղել, երևի թյուրիմացություն է տեղի ունեցել, ինքը ուրիշ բան է ցանկացել ասել, բայց իրեն ճիշտ չեն հասկացել և այլն, և այսպես շարունակ: Համենայնդեպս, սա են փոխանցում միջնորդները: «Հնարավոր համարելով այդ տարբերակը, նույն միջնորդներին առաջարկեցի, որ Սամվել Բալասանյանը այդ ամենը հեռախոսով անձամբ ասի թղթակցուհուն, որով և միջադեպը կհամարեինք հարթված: Այդպես էլ զանգ չհնչեց, ինչը նշանակում է, որ Բալասանյանը ճիշտ և տեղին է համարում երիտասարդ աղջկան վիրավորելը:
Ամենայն հավանականությամբ, Սամվել Բալասանյանին դուր չեն եկել մեր թերթում նրան «նվիրված» մի քանի հրապարակումներ: Դե, Բալասանյանը երևի չի ուզում անդրադառնանք այն պատմությանը, թե ինչպես ինքը մի «պայծառ» օր ՕԵԿ-ից ցատկեց ԲՀԿ: Չի ուզում մեր ընթերցողին տեղեկացնենք, որ, ըստ իր ներկայացրած պաշտոնական փաստաթղթերի, ինքը ոչ մի կապ չունի Գյումրիի գարեջրի գործարանի հետ, և որ այդ գործարանի տարածքում վեր է հառնում իր կիսանդրին: Բալասանյանը ուզում է’ բոլորս հավատանք, որ իր հայտարարագրում գրված 1977 թվականի արտադրության «Մոսկվիչ Մ 2140»-ը իր միակ ավտոմեքենան է»,- գրում է թերթի խմբագիր Հայկ Գևորգյանը: