ԼՂՀ վարչապետը Քուվեյթում այցելել է ազգային վարժարան
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, Թեմի կաթողիկոսական փոխանորդ Տեր Մասիս Ծ. Վրդ. Զոբույանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Լեռնային Ղարաբաղում ներդրումային ծրագրեր իրականացնող «Արի» ընկերության անդամները և ՀՅԴ բյուրոյի անդամ Բենիամին Բչաքջյանը մարտի 1-ին այցելել են Քուվեյթի ազգային վարժարան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քուվեյթի Ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից:
Պատվարժան հյուրերին դիմավորել են վարժարանի տնօրեն Մանուկ Մանուկյանը և աշակերտները, ովքեր Հայաստանի քայլերգով, ասմունքով և հայրենաշունչ երգով ողջունել են ներկաներին:
Ելույթով հանդես է եկել Տեր Մասիս Ծ. Վրդ. Զոբույանը: Նա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հայոց պետականության հենասյունն է համարել՝ հաստատելով, որ գաղութն իր եկեղեցով և ազգային վարժարանով միշտ զորավիգ է եղել Հայաստանին ու Արցախին և իր զոհողություններով ու նվիրումներով պետք է շարունակի այս առաքելությունը՝ հանուն հայրենիք կերտելու և ազգությունը պահպանելու:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն իր զարմանքը, հուզմունքն ու անսահման ուրախությունն է հայտնել Ազգային վարժարանի տնօրինությանն ու ուսուցչական կազմին` հայապահպանման աշխատանքում իրենց ցուցաբերած անսահման զոհողության համար: Վարչապետը խոստացել է սերտ կապեր ստեղծել ազգային վարժարանի և Արցախի դպրոցների միջև, որպեսզի սփյուռքի հայ աշակերտը ծանոթանա նաև հայերնիքում գտնվող իր հասակակիցների դպրոցական առօրյային: Ապա դպրոցին մաղթել է անխափան երթ ու լավագույն հաջողություններ:
Այցելության ավարտին հոգաբարձությունը հյուրերին վարժարանի 50-ամյակի առիթով հրապարակված հուշամատյան է նվիրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում