ԵՄ-ն, Դանիան եւ Մեծ Բրիտանիան 40 մլն դոլար են հատկացնում Ուկրաինային որպես հումանիտար օգնություն. ՄԱԿ

ԵՄ-ն, Դանիան եւ Մեծ Բրիտանիան 40 մլն դոլար են հատկացնում Ուկրաինային որպես հումանիտար օգնություն. ՄԱԿ

Եվրամիությունը, Դանիան եւ Մեծ Բրիտանիան պատրաստ են ընդհանուր առմամբ ավելի քան 40 մլն դոլար հատկացնել Ուկրաինային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում, որը հրապարակվել է մարտի 2-ին:

Փետրվարի 24-ին ՄԱԿ-ը ներկայացրել է Ուկրաինայի հումանիտար օժանդակման 2015 թվականի նորացված ծրագիրը, որը նախատեսված է 3,2 մլն մարդու համար եւ գնահատվում է 316 մլն դոլար:

Ինչպես նշվում է վարչության զեկույցում, Մեծ Բրիտանիան հայտարարել է 15 մլն ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 25 մլն դոլար) տրամադրելու մասին, Եվրամիությունը կհատկացնի 15 մլն եվրո (շուրջ 16,5 մլն դոլար), Դանիան՝ 1,3 մլն եվրո (մոտավորապես 1,4 մլն դոլար):

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ զեկույցն ընդգրկում է 2015 թվականի փետրվարի 21-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածը: Դրանում նշվում է Դոնեցկի ծանր հումանիտար իրադրությունը: «Դոնեցկի բունկերներում մարդկանց չեն բավականացնում խմելաջուրը, մաքրության միջոցները եւ հիգիենիկ միջոցները: Արեւելքի մի շարք վայրերում մարդիկ մինչ այժմ զրկված են խմելու ջրից»,- նշվում է զեկույցում:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ Ուկրաինայում ավելի քան 6 հազար մարդ Է զոհվել հակամարտության սկսվելուց ի վեր: Վարչության վիջակագրության համաձայն, որը հավաքվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ, մարտի 2-ի դրությամբ Ուկրաինայում զոհվածների թիվը կազմել Է ավելի քան 6 հազար, ներառյալ մալայզիական Boeing-ի 298 ուղեւորները, եւս շուրջ 14,8 հազար մարդ վիրավորվել Է: Փետրվարի 28-ի տվյալներով՝ զոհվածների թիվը 5809 Էր: Դրա հետ մեկտեղ վարչությունում ընդգծում են, որ իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել, քանի որ ՄԱԿ-ի վարչության առաքելությանը չի հաջողվում ամբողջական տեղեկատվություն ստանալ զոհվածների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում