Արբանյակից արված լուսանկարները վկայում են Իրանում Փարչինի միջուկային օբյեկտի մասին
Նմանատիպ
ISIS ամերիկյան գիտահետազոտական կենտրոնի կողմից հրապարակվել են արբանյակից արված մի շարք լուսանկարներ, որոնցում երևում է Իրանի իշխանություններ կողմից ինչ-որ վարդագույն նյութով քողարկված Փարչինի միջուկային օբյեկտը: Սա այն տարածքն է, որտեղ Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալությունը (ԱՄԷԳ) ցանկանում էր հետազոտություն անցկացնելու թույլտվություն ստանալ, հայտնում է Reuters գործակալությունը:
Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալութան մասնագետների կարծիքով, այս տարածքում միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ պայթուցիկ նյութերի թեստեր են անցկացվել և հիմա Իրանը փորձում է վերացնել դրա հետևանքները:
Հիշեցնենք, որ Reuters-ը որոշ ժամանակ առաջ հայտնել էր նաև Փարչինի’ վրանատիպ մի կառույցով ծածկված լինելու մասին:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ Իրանի և ԱԷՄԳ-ի միջև տեղի է ունեցել երկրի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը, սակայն այս անգամ ևս կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել:
Նշենք, որ ԱՄՆ-ն և Արևմուտքն Իրանին մեղադրում են միջուկային ռումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու մեջ, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ ուրանի հարստացման իր ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։