Իրաքյան ուժերը 60-ից ավելի ահաբեկիչներ են ոչնչացրել Թիրքիթ քաղաքում

Իրաքյան ուժերը 60-ից ավելի ահաբեկիչներ են ոչնչացրել Թիրքիթ քաղաքում

Իրաքյան Թիրքիթ քաղաքում մարտի 3-ին բախումների ժամանակ սպանվել է «Իսլամական պետության» կազմակերպության մեծ հեղինակություն ունեցող Աբու Աբիդա աթ Թունիսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, լուրը հաստատել են Իրաքի անվտան գության ուժերը: Իրաքյան օդուժի ռմբակոծության հետևանքով Թիրքիթում սպանված ահաբեկիչների թիվը գերազանցում է 60-ը: Միևնույն ժամանակ իրաքյան ուժերը 3 կողմերից շրջափակել են Թիրքիթ քաղաքը և առաջ են ընթանում: Իրաքյան ուժերի ղեկավարությունը հայտարարել է Սալահ ադ Դին մարզում ռազմական գործողությունների երկրորդ փուլի սկսելու մասին:

Թեժ մարտեր են ընթանում նաև Ալ Բաղդադի քաղաքի մերձակայքում բանակի, կամավորական ջոկատների և ԻՊ-ի ահաբեկիչների միջև:

Նախորդ օրերի ընթացքում կառավարական ուժերը քրդական ուժերի հետ միասին լայնածաված ռազմական գործողություններ են սկսել Թիրքիթում, որը գտնվում Բաղդադից 130 կմ հեռավորության վրա: Քաղաքի ազատագրման մեջ մասնակցում են շուրջ 30 հազար զինծառայողներ: Ռազմական գործողություններին աջակցում է նաև Իրանը՝ ռազմական օգնություն տրամադրելով:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում