Էդ.Նալբանդյանն ընդունել է Իտալիայի ԱԳՆ պետքարտուղարին
Նմանատիպ
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իտալիայի ԱԳՆ պետքարտուղար Մարտա Դասսուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և լավ հիմք են հանդիսանում արդյունավետ ու բազմոլորտ համագործակցություն ծավալելու համար, և գոհունակությամբ ընդգծեց վերջին տարիների ընթացքում տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացումը և զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտա Դասսուն ասաց, որ ուրախ է այցելել Երևան քննարկելու երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Դասսուն կարևորեցին անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի այցելությունը Իտալիա և այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց խորհրդարանական դիվանագիտության դերին հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում:
Կողմերը քննարկեցին նաև առևտրատնտեսական, գիտական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանն ու Մարտա Դասսուն կարևորեցին նաև ապակենտրոնացված համագործակցության դերը երկկողմ հարաբերություններում:
Հանդիպմանը քննարկվեց նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքը, այդ բնագավառում նախատեսվող զարգացումները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Իտալիայի ԱԳ պետքարտուղարին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Դասսուն քննարկեցին նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում