Գագիկ Ծառուկյանի փեսան կպայքարի ԲՀԿ մեկ այլ թեկնածուի դեմ
Նմանատիպ
Օգոստոսի 24-ին ավարտվել է Կոտայքի մարզում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը:
Աբովյան քաղաքում առաջադրվել են 4 թեկնածուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ինքնաառաջադրված ԲՀԿ անդամ Կարապետ Իսրայելյանը, անկուսակցականներ Արտաշես Մեհրաբյանը և Անդրանիկ Պետրոսյանը:
Նշենք, որ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, իսկ Կարապետ Իսրայելյանը՝ Աբովյանի նախկին քաղաքապետը: Երկու թեկնածուներն էլ ԲՀԿ-ական են և Գագիկ Ծառուկյանի մտերիմները:
Lurer.com-ի ունեցած տեղեկություններով՝ երկու թեկնածուների առաջադրման որոշումը կայացրել է Գագիկ Ծառուկյանը առ այն, որ ընտրություններին պետք է մասնակցի նաև Կարապետ Իսրայելյանը, և, եթե ժողովուրդն ավելի գոհ է նախկին քաղաքապետից, կհաղթի նա, անկախ նրանից, որ գործող քաղաքապետն իր փեսան է:
Մեկ այլ աղբյուրի պնդմամբ՝ Կարապետ Իսրայելյանն ինքնագլուխ է առաջադրվել՝ փորձելով համոզել Բաղրամյան 26-ին, որպեսզի սատարեն իրեն, և որ Իսրայելյանը քաղաքապետ դառնալու մեծ շանսեր ունի: Սակայն, չստանալով նախագահականի «դաբրոն», նա այժմ փորձում է պայմանավորվել Գագիկ Ծառուկյանի հետ, որն էլ չի ցանկացել հանդիպել նախկին քաղաքապետին՝ հայտարարելով՝ «Թող հաղթի ուժեղը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում