ԲՀԿ և ՀՀԿ մամլո խոսնակների «փոխհրաձգությունը»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքում է այսօր մամուլում տարածված լուրը, թե ԲՀԿ-ն նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկայում կոալիցիայի մաս կազմելու և նախագահական ընտրություններում գործող նախագահին սատարելու մասին, ինչի դիմաց, ըստ հրապարակման, պաշտոնանկ կարվի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Նախագահական ընտրությունների հետ կապված՝ կգա պատեհ պահը, դրա մասին կխոսենք, իսկ պայմանավորվածությունների հետ կապված ասեմ, որ մեր գերագույն պայմանավորվածությունը եղել և լինելու է հայաստանցիների՝ մեր հանրության հետ»,- Tert.am–ի հետ զրույցում նշեց ԲՀԿ մամուլի խոսնակը:

ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ներկայիս փուլի մասին Տիգրան Ուրիխանյանը խոսել է նաև շաբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: ԲՀԿ մամլո խոսնակը մասնավորապես ասել է, թե «ԲՀԿ-ն չի սատարելու ոչ մի ՀՀԿ-ական թեկնածուի: Որևէ հանրապետական թեկնածուի հետ կապված’ որևէ խոսք դուք մեզնից չեք լսի: ԲՀԿ-ն չի կարող սատարել ՀՀԿ-ին»: Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն Գյումրիում սատարում ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին’ Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Ես հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ մեր հասարակությունը, քաղաքական գործիչներն ու կուսակցությունները կգիտակցեն, որ ԲՀԿ-ն առաջարկում է համամետաբար առավելություն ունեցող ծրագրեր, գաղափարներ, լուծումներ, այդ թվում’ կադրային առաջադրումներ: Ես ողջունում եմ նրանց, ովքեր գնահատում են մեր կադրերին, մեր գործունեությունը և մեր ծրագրերը», – ասել է ԲՀԿ մամուլի խոսնակը:

Տիգրան Ուրիխանյանի այս հայտարարություններին անդրադարձել է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վերջինս մասնավորապես նշել է, որ իրենց կառուցողական այլընտրանք հռչակած քաղաքական ուժը ավելի կառուցողական պետք է լինի և իրեն ավելի կառուցողական դրսևորի: «ՀՀԿ-ն մայիսյան ընտրություններին ստացել է մեծամասնության վստահության քվեն, եւ եւ ՀՀԿ-ն է որոշում’ ով ինչպիսի ծրագրերով եւ ինչպիսի քաղաքական թիմով իրականացնի բարեփոխումներ: ՀՀԿ-ն վճռական է իրականացնելու բարեփոխումներ եւ ՀՀԿ-ն է որոշում,թե իր կադրային ռեզերվից կամ թիմից ով է իրականացնելու բարեփոխումներ գործադիրում եւ օրենսդիրում»,- նշեց մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Տիգրան Ուրիխանյանի մտավախությանը եւ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի չի սատարի հայտարարությանը, ապա Էդուարդ Շարմազանավոը նշեց, որ ՀՀԿ-ն շատ լուրջ է նախապատրաստվում ՏԻՄ ընտրությանը, եւ իր համոզմամբ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ՀՀԿ-ն պետք է վայելի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում հասարակության մեծամասնության վստահության քվեն: «Իսկ ինչ վերաբերում է’ ով ում կսատարի, չի սատարի, ընդամենը մեկ բան ասեմ’ երբեք մի ասա երբեք»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Նրա փոխանցմամբ’ մայիսյան ընտրությունները պատմության մեջ մնացել են որպես լավագույն ընտրություններից, ինչը փաստել են նաեւ միջազգային դիտորդները: Դրանից հետո Էդուարդ Շարմազանովի խոսքով’ հաջորդ հաջողությունը պետք է լինի ՏԻՄ ընտրությունները, ապա’ նախագահական ընտրություններում իրենց թեկնածու Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակը: «ՀՀԿ-ն ապացուցել է, որ սկսած 1999թ, ամենակենսունակ, պետականամետ եւ ազդեցիկ քաղաքական ուժն է, որը կարող է իրականացնել տնտեսական, քաղաքական, ժողովրդական բարեփոխումներ»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում