«Մեր իրավապահները մի շատ հետաքրքիր սովորություն ունեն’ նրանք սիրում են մարդկանց դեմ մեղադրանքներ առաջադրել, իսկ այնուհետև դատել նրանց, այսպես ասած, «փաթեթով»’ մեղադրանքի միևնույն տեքստը կիրառելով մի քանի հոգու համար: Դա նկատելի էր, օրինակ, «Մարտի 1»-ի գործերում, մեղադրյալի աթոռին նստած էին, ասենք, 7 հոգի, և նրանք, իբր, կազմակերպել էին զանգվածային անկարգությունները: Կարծես թե նրանք սիամական երկվորյակներ էին և նույն պահին կատարել են միևնույն գործողությունները: Այդ հեղհեղուկ մեղադրանքի հիման վրա էլ նրանք դատապարտվեցին’ առանց մանրամասնելու, թե որ պահին ով ինչ է կատարել, ինչ հայտարարություն կամ կոչ է արել, որի հետևանքով էլ տեղի ունեցան այդ անկարգությունները: Սակայն այստեղ պատճառահետևանքային կապերը բացահայտելու համար շատ նուրբ աշխատանք է պետք. հաստատ մեղադրանքի տեքստը գրող քննիչները չէին ուսումնասիրել սոցիալական հոգեբանությունը և չէին կարող ասել, թե երբ և ինչու է «կարգին» ժողովուրդը դառնում «անկարգ» և վերցնում «կացիններն ու եղանները»: «Մարտի 1-ի» գործերում, իհարկե, 50 տոկոսով առկա էր քաղաքական պատվերը, իսկ մյուս 50 տոկոսը քննիչների և դատավորների ծուլությունն էր ու ոչ պրոֆեսիոնալիզմը:
Նույն «չափաբաժինները» նկատվում են «Հարսնաքարի» գործով: Վեց հոգի մեղադրվում են «մահվան հետևանքով անզգույշ ծեծի» մեջ [այդպիսի նուրբ և քնքուշ ձևակերպում է ընտրված’ սպանությունը բքողարկելու համար], և մասնավորեցված չէ, թե ով ինչ է արել’ մի՞թե նրանք հավասարապես հարվածներ են հասցրել բոլոր տուժածներին, և այդ հարվածներից որո՞նք էին մահացու Վահե Ավետյանի համար: Եթե նախորդ դեպքում քննությունը ենթադրում էր «կոլեկտիվ պատասխանատվություն», ապա այստեղ նպատակը հակառակն է’ «կոլեկտիվ անպատասխանատվությունը»: Ո՞ւմ գաղափարն էր ռեստորանի այցելուներին ծեծելը, ո՞վ էր սադրողը, «շիրա տվողը», ով որ չափով էր հանցագործությունն իրականացրել: Ի՞նչ են նշանակում’ «սա մեռավ, էլ մի՛ խփեք» բառերը: Այդ հարցերի պատասխանները նախաքննությունը չտվեց, վախենամ’ չի տա նաև դատարանը:
Նման հանգամանքների վրա իրավացիորեն ուշադրություն են դարձրել «Հարսնաքարի» գործով տուժածների իրավահաջորդների փաստաբանները և «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնությունը, որի մեջ, ի դեպ, կան ինձ համար շատ հարգելի ու համակրելի մարդիկ: Միակ բանը, որի հետ ես համաձայն չեմ, այդ նախաձեռնության կոչն է’ «ժողովրդական տրիբունալ» ստեղծելու: Անկախ նրանից, թե որոնք են, ըստ գաղափարի հեղինակների, այղ «տրիբունալի» նպատակները, իրականում գաղափարը կարող է ակամա հանգեցնել «հեղկոմների», հասարակական հավատաքննիչների և դահիճների ինստիտուտի, ինչը, իմ տեսանկյունից, մերժելի է: Պահանջել կոռումպացված և քաղաքական պատվեր կատարող իրավապահներից իրականացնել նորմալ արդարադատություն’ այո´, փորձել որևէ ձևով արդարադատությունն իրականացնել «սեփական ուժերով»’ ո՛չ: Ինչպես կասեր հայտնի կատակերգության հերոսը’ «դրանք մեր մեթոդները չեն, Շուրիկ»»,-գրում է «Առավոտի» գլխավոր խմբագիրը այսօրվա խմբագրականում: