«Հայկական ժամանակ». Գյումրիում կրակոցներ են հնչել
Նմանատիպ
Գյումրիում երեկ կրակոցներ են հնչել: Նախնական տեղեկությունների համաձայն, Գյումրու ծայրամասային’ «Գծի հետեւ» կոչվող թաղամասում իրար վրա են կրակել մի խումբ երիտասարդներ: Դեպքը, ըստ տարածված ւուրերի, տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպումից հետո, որը կազմակերպել են այդ թաղամասի թաղային հեղինակություն հանդիսացող մի խումբ երիտասարդներ, որոնք ոչ միայն կազմակերպել են հանդիպումը, նաև մասնակցել են ու հայտարարել, որ պատրաստ են զորակցել և սատարել քաղաքապետի թեկնածու Բալասանյանին: Ըստ քաղաքում պտտվող լուրերի, այդ երիտասարդները նախկինում սերտ կապերի մեջ են եղել ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ: Խոսվում է նաև, որ քաղաքապետի որդին, որը Ռուսաստանի Դաշնությունից օրերս է վերադարձել Հայաստան, իր մտերիմների հետ «Գծի հետև է» եկել այդ տղաների հետ «հաշիվ մաքրելու» նպատակով: Հնչած կրակոցների մասին «ՀԺ»-ի թղթակցին տեղեկացրել են վերոնշյալ թաղամասի բնակիչները: «Սկզբում մեքենաներ հավաքվեցին, ինչ-որ խոսակցություններ, հետո կրակոցներ լսեցինք, վախեցանք, մեկ էլ տեսնինք օր չորս կողմից փախան, ու էլ չիդեմ ինչ էղավ, ոստիկանները էկան թաղամաս, էն էլ’ արդեն փախել էին»,- մանրամասնել է բնակիչներից մեկը: Գյումրիում հնչած կրակոցների մասին լուրը հաստատել է նաև Շիրակի մարզի ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը: «Ճի՞շտ են այն լուրերը, որ Գյումրու քաղաքապետի որդին’ Սպարտակ Դուկասյանն է կրակոցների հեղինակը, նա՞ է կրակել, թե հակառակ կողմից են հնչել կրակոցները,- թերթի թղթակցի այս հարցին Կարեն Բաբակեխյանը պատասխանել է, որ գործի նախաքննության գաղտնիությունից ելնելով’ չի կարող մանրամասներ հայտնել, այդ թվում’ միջադեպի մասնակիցների անունները, նաև ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ Վարդան Ղուկասյանի որդին մասնակցել է այդ միջադեպին: «Կներեք, դրանից ավելի բան ասել չեմ կարող, հիմա ընթանում է նախաքննություն, կարող եք դիմել մեր ոստիկանության լրատվության բաժին, այլ մանրամասներ գուցե հայտնեն»,- ասել է նա: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից թերթի թղթակցին փոխանցել են, որ Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ միջադեպի մասնակիցներին ոստիկանության աշխատակիցները փնտրում են: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նույնպես չի հերքել, որ միջադեպին մասնակցել է նաև Սպարտակ Ղուկասյանը: Ըստ նրա’ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ մանրամասները ճշտվում են: «Այլ բան ասել չեմ կարող, տարվում է նախաքննություն, և դեռ ճշտվում են, թե ովքեր են դեպքի իրական մասնակիցները»,- ասել է Աշոտ Ահարոնյանը: Ուշ երեկոյան դրությամբ, թերթի ունեցած տեղեկություններով, փախուստի մեջ էին և´ կրակողները, և´ նրանց թիրախները, և´ վկաները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում