Գ.Ծառուկյան. «2013 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն բարձրացնելու է մանկապատանեկան սպորտի ֆինանսավորման մեծացման խնդիրը»
Նմանատիպ
«Zham.am»-ի հարցազրույցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ.
– Պարոն Ծառուկյան, Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ ժողովրդի մոտ առկա էին իրարամերժ տրամադրություններ’ հուսահատությունից մինչև հպարտություն: Ի՞նչ օրեր եք ապրել Դուք: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կգնահատեք մեր հավաքականի արդյունքները այս օլիմպիադայում:
– Գնահատելու համար պետք է համեմատենք նախորդ Օլիմպիադայի արդյունքների հետ. 2008-ի համեմատությամբ Հայաստանը բոլոր մասնակից պետությունների թիմային աղյուսակում 18 նիշով բարձրացել է վեր։ Պեկինում մեր հավաքականը նվաճել էր միայն բրոնզե մեդալներ և դարձել 78–րդը, իսկ այժմ մեդալի գույնը փոխելով, արծաթե մեդալի շնորհիվ հայտնվել ենք 60–րդ հորիզոնականում։
Անշու՛շտ, սպասելիքները շատ ավելին էին, և մենք պետք է առնվազն երկու–երեք մեդալ ևս ստանայինք, բայց տարբեր պատճառներով դա տեղի չունեցավ։
Օլիմպիադայից առաջ ես, իհարկե, իմ առջև խնդիր էի դրել ոսկե մեդալ նվաճել: Այդ խնդիրն էի ես դրել մարզիկների և մարզիչների առջև: Այլ կերպ չէր կարող լինել. հնարավոր չէ գնալ օլիմպիադայի’ ցածր նպատակներ դնելով:
Ինչպես գիտեք, ոսկի չեղավ: Մեկ քայլ չհերիքեց: Ես որպես հայ մարդ, իհարկե, ափսոսանք ապրեցի դրա համար:
Ինձ համար մեդալները միայն ցանկություն չէր: Ինձ համար դա առաջին հերթին ծանր աշխատանք էր, չորս տարվա նվիրում: Ես չեմ սպասել կամ գուշակել’ մեդալներ կլինեն, թե ոչ, այլ ամեն ինչ արել եմ, որ այդ մեդալները լինեն: Այսօր ես հպարտություն ու կատարված աշխատանքից բավարարվածություն եմ զգում. երեք հայ մարզիկ կարողացավ մեդալ նվաճել: Երեք հայ մարզիկ մեր ժողովրդի մոտ հպարտության զգացում առաջացրեցին: Ի դեպ, ես և մեր օլիմպիականները անհավանական քանակի շնորհավորանքներ են ստացել սփյուռքից: Իսկ դա նշանակում է, որ օլիմպիական խաղերի ժամանակ մեր մարզիկների շնորհիվ հայ ժողովուրդը դարձել էր միասնական ու ավելի ուժեղ: Սա ինձ առանձին մտորելու առիթ է տալիս:
– Շատերի մոտ կարծիք կա, որ մեր թիմից սպասումները չափազանցված էին ի սկզբանե:
– Գիտեք, մեդալների համար պայքարը ամեն օլիմպիադայի հետ ավելի է սրվում, ավելի դժվար է դարձել մեդալ նվաճելը: Մրցակցությունը դառնում է ավելի սուր ու ավելի դաժան: Տնտեսապես հզոր պետությունները միլիարդավոր գումարներ են ներդնում իրենց երկրների մարզական ենթակառուցվածքների զարգացման համար, ու դա տալիս է տեսանելի արդյունք: Մեր բոլոր մեդալակիրները հերոսներ են: Այլ բառ ինձ համար դժվար է գտնել: Միայն լավ բառերի ու լավ գնահատականների են արժանի այն մարզիկները, որոնք պայքարեցին, չխնայեցին իրենց: Գիտեին’ ուր են գնացել, ինչի համար: Այլ հարց է, որ հաջողությունը որոշ դեպքերում երես թեքեց, կամ այս պահին նրանց հնարավորությունները այդքան էին: Ինձ համար կարևոր էր տեսնել կոնկրետ մարզիկի մեջ պայքարի ու մրցակցության ոգին: Կա՞ր այդ ոգին, թե՞ նա որպես տուրիստ էր եկել: Միևնույն ժամանակ, անկախ արդյունքներից, հաջողություններից կամ անհաջողությունից, ես թույլ չեմ տա, որ մեր մարզիկների հանդեպ չարություն կամ թերահավատություն սերմանվի: Ցավոք, նման միտումներ նկատվում են: Երբ մեր մարզիկները հաջողության են հասնում, մենք սկսում ենք նրանցով հպարտանալ, բայց երբ անհաջողություն է լինում, մենք միանգամից սկսում ենք նրանց փնովել: Ես այս հարցում շատ սկզբունքային եմ լինելու: Թույլ չեմ տալու մեր սպորտսմեններին կոտրել, հուսալքել: Սա սպորտ է, ու ամեն ինչ կարող է լինել:
Փափուկ բազկաթոռներին նստած, ավել-պակաս դատողություններ անողներին ես ուզում եմ միայն հարց տալ. գիտե՞ք ինչ է նշանակում այս փոքր Հայաստանից պայքարել մեդալների համար’ Ամերիկայի, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Կորեայի և մյուս հզորագույն պետությունների հետ:
– Օլիմպիադայի հատկապես սկզբնամասում կար քննադատություն նաև անձամբ Ձեր հասցեին: Քննադատությունը երբեմն ուղղակի մեղադրանքերի երանգ էր ստանում: Դուք առայժմ չեք արձագանքել:
– Իհարկե, ես տեղյակ եմ, որ ուղղորդված քննադատություն է եղել նաև անձնապես իմ հասցեին’ որպես օլիմպիական կոմիտեի նախագահի: Շատ չեմ խոսի այս թեմայով, բայց մի քանի բան անպայման ուզում եմ շեշտել.
Առաջին. Օլիմպիական կոմիտեից ես ոչ մի շահ չունեմ, ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ նյութական օգուտի, ոչ ճանաչման: Օլիմպիական կոմիտեն ինձ համար լրացուցիչ ծանր աշխատանք է ու անձնական, սեփական միջոցների ներդրմամբ մեր մարզաշխարհին օգուտ տալու հնարավորություն: Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել սա ասել, բայց պատվիրված, ուղղորդված քննադատությունը ինձ ստիպում է դա անել:
Երկրորդ. այն մարդկանց, ովքեր այսօր նստած խորհուրդներ են տալիս ու քննադատում, ես ուզում են հարցնել. ու՞ր էիք 4 տարի շարունակ: Ձեզնից ո՞ր մեկը եկավ ասաց’ պարոն Ծառուկյան, այս բանը այսպես անենք, ավելի լավ կլինի: Ո՞վ ասաց’ պարոն Ծառուկյան, թողեք այս հարցն էլ ես լուծեմ: Չկա նման բան: Նրանք, ովքեր իրոք սրտացավ են, անցած 4 տարվա մեջ են եկել, նայել, քննարկել, կիսվել:
Երրորդ. ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր անհամբեր սպասել են մեր մարզիկների անհաջողություններին, իսկ ամեն մեդալից հետո անկեղծորեն տխրել են:
– Օլիմպիադայի արդյունքներից ելնելով’ լինելո՞ւ են արդյոք պաշտոնանկություններ կամ հակառակը’ խրախուսումներ:
– Օլիմպիադայի ավարտն աշխարհի վերջը չէ: Մոտ ապագայում սկսվելու են տարբեր մարզաձևերի’ Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, այլ խոշոր մրցումներ: Մենք պետք է ձգտենք հաջող հանդես գալ դրանցից յուրաքանչյուրում: Կազմակերպչական աշխատանքները, մարզումները, պայմանների բարելավումը չեն կարող ոչ մի օր դադարել: Անպայման լինելու է արդյունքների վերլուծություն, հետևություններ, նոր քայլեր: Ուժեղ կողմերը պետք է պահել և ավելի ուժեղացնել, թույլ կողմերը’ արձանագրել և գտնել լուծումներ: Չեն լինելու հապճեպ, ոտքի վրա կայացված որոշումներ: Խրախուսումներ, անշուշտ, լինելու են: Եթե մենք ուզում ենք առաջիկայում ունենալ լուրջ հաջողություններ, ապա պետք է շատ լուրջ վերաբերվենք մեր գործին: Ես, որպես Գագիկ Ծառուկյան, որպես անհատ, շարունակելու եմ իմ անձնական միջոցներից օժանդակել մարզաշխարհին: Սա ինձ համար սկզբունքային հարց է: Հաջորդ քայլով’ ես հանձնարարել եմ “Ծառուկյան” հիմնադրամի տնօրինությանը’ մշակել մանկապատանեկան սպորտի աջակցության ծրագիր: Քննարկել մասնագետների, մարզիչների, մարզական լրագրողների, ծնողների հետ և ճիշտ լուծումներ գտնել: Այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ: Եթե չանենք այսօր, ապա վաղը ուշ կլինի: Ես պատրաստ եմ աջակցելու: Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցությունը աշնանը 2013 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ բարձրացնելու է սպորտի, և հատկապես’ մանկապատանեկան սպորտի ֆինանսավորման մեծացման խնդիրը: Մանկապատանեկան սպորտը բացի մարզականից, ունի նաև այլ կարևոր խնդիրներ’ նոր սերնդի առողջ մեծացման ու դաստիարակման: Պետությունը պետք է օգնի մարզաշխարհին, որ հետո պահանջելու իրավունք ունենա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում