Գ.Ծառուկյան. «Ես թերահավատ չեմ ապագայի հանդեպ»
Նմանատիպ
«Zham.am»-ի հարցազրույցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ (Մաս II).
– «Սպորտը նաև քաղաքականություն է» ձևակերպումը օլիմպիադայի օրերին ակնառու էր դառնում: Կար միջպետական մրցակցություն, պայքար’ երբեմն ոչ արդար խաղի կանոններով: Հայկական իրականության մեջ եղան մի շարք վերլուծություններ, որոնք փորձում էին մեր մարզիկների օլիմպիական արդյունքները տեղավորել ապագա քաղաքական զարգացումների հարթություն:
– Դուք ճիշտ եք նկատել: Եղան փորձեր’ օլիմպիադայի արդյունքները քաղաքականացնելու և այլ հարթություն տեղափոխելու: Սա նույնպես պատվիրված և ուղղորդված ձեռագիր էր: Բայց նաև լավ առիթ է, որ ես մի երկու բառ ավելացնեմ: Հիշեք, թե Ծառուկյանն արդեն քանի տարի է ասում, որ երկրի տնտեսության վիճակը լավ չէ, ժողովրդի սոցիալական վիճակը ծանր է, արտագաղթի տեմպերը մտահոգիչ են: Մարդկանց մոտ հուսալքությունն ուժեղանում է: Քանի՞ տարի է’ ես ասում եմ’ երկրում լուրջ փոփոխություններ են պետք: Նաև հենց այդ պատճառով մենք հրաժարվեցինք մաս կազմել կոալիցիային: Չի կարող երկրի մյուս ոլորտներում անկում լինի, լճացում լինի, իսկ սպորտում’ միայն փայլուն հաղթանակներ լինեն:Ավելի պարզ ասեմ, ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են արտագաղթում. նրանց մեջ թե՛ խոստումնալի սպորտսմեններ կան, թե՛ ապագայի չեմպիոններ ու մեդալակիրներ: Դրա՛ մասին է պետք մտածել: Ծնողը, որպեսզի կարողանա իր երեխային սպորտի տալ, հետևի նրա զարգացմանը, մարզական աճին, պետք է առաջին հերթին իր ընտանիքի նվազագույն կարիքները հոգա: Մարդիկ հացի խնդիր չեն կարողանում լուծել, հուսահատված են, երկրից հեռանալու մասին են մտածում: Ահա այս պայմաններում ենք մենք փորձում ապագա չեմպիոններ դաստիարակել:
Եթե երկիրը լիներ վերելքի վրա, ապա օլիմպիադայի արդյունքները կլինեին անհամեմատ ավելի լավը: Բայց սա չի նշանակում, որ ես թերահավատ եմ ապագայի հանդեպ: Դա իմ ձեռագիրը չէ: Ես երբեք չեմ խուսափել ծանր աշխատանքից, չեմ ընտրել հեշտ ճանապարհները, չեմ զիջել դժվարություններին: Նաև այդ սկզբունքով եմ ես ընտրում իմ թիմերին’ լինեն դրանք մարզական, թե քաղաքական:
– Մեր օլիմպիականների արդյունքները հաճախ համեմատում են հարևան կամ տարածաշրջանի պետությունների արդյունքների հետ: Ու համեմատությունը հաճախ մեր օգտին չէ:
– Ես չեմ խուսափում որևէ համեմատությունից: Եթե Հայաստանը ներկայացնող մարզիկը մրցում է և հաճախ հաղթում չինացուն, ամերիկացուն, ռուսին, թուրքին, ապա արդյունքները կարելիէ քննարկել ցանկացած համեմատության մեջ:
Ես ուզում եմ միայն հիշեցնել Հայաստանն ունի մոտ 3 մլն բնակչություն, Ադրբեջանը’ 9.2 մլն, Թուրքիան’ 72. 5 մլն, Վրաստանը’ 5.2 մլն, Իրանը’ 78.8 մլն: Եվ այսպես, եկեք համեմատենք: 3 միլիոնանոց Հայաստանը Լոնդոնում ավելի լավ ցուցանիշներ է գրանցել, քան, ասենք, Հունաստանը, Պորտուգալիան և Բուլղարիան: Ես կառաջարկեմ համեմատել նաև այդ երկրների բյուջեները, սպորտին հատկացվող գումարները, օլիմպիական թիմերի նախապատրաստման պայմաններն ու հատկացված գումարները: 21-րդ դարում համաշխարհային մրցահարթակներում հաջողությունները, մեդալները երբեք չեն կարող պատահական լինել: Դրանք պետությունների հզորության և սպորտում կատարված ներդրման արդյունքն են:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք ունենք ահռելի պոտենցիալ: Ես բազմիցս կրկնել եմ’ մեր ժողովուրդն աշխատասեր է ու ստեղծագործ: Բայց դրա համար պետք է ստեղծվեն պայմաններ: Հայ մարդուն տանք հնարավորություն, ստեղծենք պայմաններ, որ նա աշխատի, և նա արագ կհասնի հաջողության: Այդպես է տնտեսության մեջ, այդպես է նաև սպորտում: Չլինեն այդ պայմանները, մարդիկ գնալու են ուրիշ երկրներում հաջողություն արձանագրելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում