«ԱրմենՏել»-ը վստահեցնում է, որ ձեռնարկված միջոցները կբացառեն հետագայում ցանցի խափանումները
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «ԱրմենՏել» ընկերության ցանցում 2012թ. մայիս-օգոստոսին տեղի ունեցած շարժական կապի խափանումների վերաբերյալ իր պաշտոնական հարցմանն ի պատասխան` ընկերության ներկայացրած տեղեկատվությունը, ըստ որի տեխնիկական խափանումներն ընկերության կապալառուի տեղադրած ծրագրային ապահովման անկատարության հետևանք էին:
Ծրագրային ապահովման խափանման պատճառով խախտվել էր կառավարման համակարգերի կայուն աշխատանքը: Այդ ընթացքում ցանցի աճող ծանրաբեռնվածությունը հանգեցրել էր նրան, որ պահուստային համակարգերով ցանցի վերականգնումը հնարավոր էր իրականացնել միայն գիշերային ժամերին, երբ ցանցի ծանրաբեռնվածությունը նվազագույնն է:
Հանձնաժողովն արձանագրում է, որ ընկերությունը կարճ ժամկետում ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր քայլերը համապատասխան ծրագրային մոդուլը փոխարինելու համար, ինչպես նաև պատճառած անհարմարությունների համար փոխհատուցեց տուժած բաժանորդներին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխանցմամբ՝ հանձնաժողովի հանձնարարականով և մեթոդական աջակցությամբ ներկայումս ընկերությունը կատարելագործում է ցանցում խափանումները կանխարգելելու իր քաղաքականությունն ու ընթացակարգերը, և վստահեցնում, որ ձեռնարկված միջոցներն ու իր կապալառուների նկատմամբ առավել խիստ մոտեցումները կբացառեն հետագայում նման խափանումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում