«Առավոտ». Իշխանությունն, այնուամենայնիվ, քաղցր բան է. խմբագրական
Նմանատիպ
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրել է. «Իշխանությունն, այնուամենայնիվ, քաղցր բան է’ թե´ նրա համար, ով «ազնվորեն ծառայում էր ժողովրդին», թե´ նրա, ով «գռփում և թալանում էր»: Այդ երկու բնութագրերը վերցնում եմ չակերտի մեջ, որովհետև սովորաբար իշխանություն կրողն իրեն վերագրում է առաջին տարբերակը, իսկ մնացած քաղաքացիները վստահ են, որ իրականում երկրորդ տարբերակն էր գործում:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օրինակ, կարծում է, որ նա քաղաքն իր հետնորդին հանձնում է «պոդ կլյուչ», այսինքն՝ այնպիսի կատարյալ վիճակում, որ Սամվել Բալասանյանին մնում է միայն վայելել իր նախորդի անձնուրաց աշխատանքի պտուղները: Դա ասված է մի քաղաքի մասին, որտեղ 24 տարուց ավելի է՝ մարդիկ ապրում են «ժամանակավոր» տնակներում, և այդ տնակային ավաններում մեծացել է մի ամբողջ սերունդ, որի մոտ, հասկանալի պատճառներով, ընդգծված են մեր հասարակության արատները: Թեկուզ այդ պատճառով դժվար է պատկերացնել, որ մեր երկրի երկրորդ քաղաքում ամեն ինչ սարքած է «պոդ կլյուչ»: Փոխարենը հավատում եմ, որ քաղաքապետին [պաշտոնապես’ «քաղաքապետի ընտանիքին») պատկանող «օբյեկտները» հենց այդպես էլ սարքած են և պատկառելի եկամուտ են բերում: Եվ հենց դա է քաղցր իշխանության ամենաքաղցր մասը:
Բայց եթե Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնալու շանսեր չունի և ուզի-չուզի իշխանությունը հանձնելու է գարեջրի բիզնեսմենին, ապա ինչո՞ւ է նրա «գրոհայինների խումբը»’ որդու գլխավորությամբ, այստեղ-այնտեղ բախումներ սարքում և նույնիսկ կրակում: Իհարկե, ամեն ինչ կարելի է վերագրել էմոցիաներին’ պարզապես մարդկանց սպասվում է տհաճ իրադարձություն’ «իշխանազրկություն», և նրանց նյարդերը տեղի են տալիս: Բայց եկեք ընդունենք, որ այդ մակարդակի ղեկավարները կատարյալ հիմար չեն լինում’ հակառակ դեպքում իրենց նպատակներին չեն հասնի: Հենց այնպես, հուզական հողի վրա պաշտոնավարման վերջին օրերին սկանդալներ սարքելը չափազանց անհաշվենկատ կլիներ: Ուրեմն այս վարքի մեջ կա ինչ-որ գերնպատակ, ինչ-որ ուղերձ:
Ամենայն հավանականությամբ, ուղերձը կապված է հենց այդ «քաղցր» սեփականության հետ: Պարզ է, թե ինչ ճանապարհով են չքավոր քաղաքում այդ եկամտաբեր օբյեկտները սարքվել, և ինչպիսի բարենպաստ դաշտում էին դրանք գործում, երբ քաղաքապետը «ձիու վրա էր»: Հիմա’ իշխանափոխությունից հետո, օբյեկտներին որոշակի վտանգ է սպառնում’ նման դեպքերում սեփականության որոշակի վերաբաշխումն անխուսափելի է, որովհետև քաղաքի նոր տերերը իշխանության այս «քաղցր» մասին կմոտենան նոր ախորժակով: Եվ ահա ուղերձի իմաստը կարող է լինել իրավիճակն ապակայունացնելու սպառնալիքը, եթե այդ վերաբաշխումը տեղի ունենա:
Իհարկե, կրիմինալի ուղիներն անքննելի են, և դրա արտահայտման ձևերն ու պատճառները կարող են տարբեր լինել: Բայց նույնն է այն էֆեկտը, որը կրիմինալն ակնկալում է իր գործողություններից’ վախը, մարդկանց ահաբեկումը: Գյումրիում այդ «ավանդույթները» ավելի քան 10 տարվա պատմություն ունեն»: