«Ժողովուրդ». Որևէ մեկը չի կարող ինձ համար պատիժ սահմանել, առավել ևս’ մի պատգամավոր. Շարմազանով
Նմանատիպ
«Ժողովուրդ» թերթը զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, որի դեմ դիմում-բողոք է ներկայացվել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Ըստ Ձեզ’ ինչպիսի՞ն է լինելու Աժ էթիկայի հանձնաժողովի դիրքորոշումը’ կապված դիմում-բողոքի հետ:
-Ես էթիկայի հանձնաժողովի անդամ չեմ, էթիկայի հանձնաժողովն էլ ցանկացած հարց իր լիազորությունների շրջանակում կարող է քննարկել, և ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում:
-Կանխատեսո՞ւմ եք’ մոտավորապես ինչ «պատիժ» է սպասվում Ձեզ և ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին: Չե՞ք վախենում այդ պատժից:
-Ես վախենում եմ միայն Աստծուց: Ուրեմն որևէ մեկը չի կարող ինձ համար պատիժ սահմանել, առավել ևս’ մի պատգամավոր: Կա օրենսգիրք և դատարաններ, որոնք էլ կորոշեն պատժի մասին: Ես կարծում եմ, որ այս ամենից ավելի շատ շոուների հոտ է գալիս, մարդիկ ուզում եե հայտնի դառնալ և շոու ստեղծել: Ամեն դեպքում, տհաճ է, որ նման ոչ բարոյական և ոչ քրիստոնեական կարծիքները սկսել են շահարկման առարկա դառնալ: Ես Ձեզ մեկ անգամ ևս ասում եմ, որ ես բաց նամակով հանդես եմ եկել ու ավելացնելու ոչ մի բան չունեմ: Ուղղակի կասեմ, որ այո´, ես՝ որպես քրիստոնյա մարդ, դեմ եմ նման դրսևորումներին և ավելի շատ դեմ եմ նման դրսևորումների պրոպագանդմանը: Ես դա ասում եմ ամենայն անկեղծությամբ ու կարծում եմ հասարակության մեծամասնությունն էլ դեմ է անբարոյական, հակաքրիստոնեական արժեքների պրոպագանդմանը: Այդտեղ ինչ-որ բռնություն, ինչ-որ բան… դա էլ իրենց հորինած խնդիրներն են: Նույնը կասեմ նաև Արծվիկ Մինասյանի հետ կապված, նրան շատ լավ ճանաչելով՝ կասեմ, որ այդտեղ ոչ մի բռնության մասին խոսք լինել չի կարող: Չնայած դա էթիկայի հանձնաժողովի խնդիրն է, մենք բարձր ենք, որևէ խնդիր չեմ տեսնում: Կրկնում եմ. ես ոչ մեկին բռնության կոչ չեմ արել ու չեմ անի, բայց միևնույն ժամանակ, որպես քրիստոնեական արժեքներ կրող մարդ, դեմ եմ հակաքրիստոնեական անբարոյական քայլերին: