«Արևելյան գործընկերությունը» ՌԴ-ի դեմ չէ, ՀՀ-ի՝ Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասին միանալն էլ՝ ըմբռնելի. Լեհաստանի դեսպան

«Արևելյան գործընկերությունը» ՌԴ-ի դեմ չէ, ՀՀ-ի՝ Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասին միանալն էլ՝ ըմբռնելի. Լեհաստանի դեսպան

«Արևելյան գործընկերությունն» ինչ-որ մեկի, ինչ-որ բանի դեմ չէ: Ավելի կոնկրետ՝ այն ստեղծված չէ ի հակադրություն Ռուսաստանի կամ  նրա դեմ: Ծրագրի նպատակն  Արևելյան գործընկերների հետ արդեն եղած կապերի ամրապնդումն է: Ռիգայում մայիսի 21-22-ը կայանալիք գագաթնաժողովին նվիրված քննարկմանը հայտարարեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին։ Դիվանագետն այստեղ նույնիսկ հույս հայտնեց, թե  Ռուսաստանը ևս մի օր մաս կկազմի այս գործընկերությանը՝ ԵՄ-ի շուրջ ստեղծված սպառող-արտադրող համակարգին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, որը 3.5 տարվա բանակցություններից հետո ընտրեց ռուսական ճանապարհը, դեսպան Նովակովսկին վստահեցրեց, որ Հայաստանը  եվրոպական երկրների՝ Լեհաստանի և առավել ևս Ֆրանսիայի կողմից կարևոր երկիր է դիտարկվում: Առհասարակ, Հայաստանն  ընկալելի և  ճանաչելի է  եվրոպացիների համար:

Այս համատեքստում դեսպանը նկատեց, որ ՀՀ-ն իրականացնում է  անհրաժեշտ բոլոր նորմերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական զարգացմանը և այլ ոլորտներին, ինչը այսուհետ ևս  կշարունակվի:

Անդրադառնալով Ռիգայում կայանալիք ԵՄ ԱԼԳ հերթական  գագաթաժողովին, Նովակովսկին ակնարկեց, որ այնտեղ հստակ որոշումներ են կայացվենլու  և ծրագրեր ուղենշվելու՝ հույս հայտնելով, որ Հայաստանը, որը ներկա պահին գտնվում է քննարկումների ու բանակցությունների փուլում, նույնպես զբաղված է ԵՄ-ի հետ իր համագործակցության սահմանները հստակեցնելով:

«Ռիգայի գագաթաժողովը նպատակ ունի դասակարգել իր գործընկերներին՝ ըստ առավել և պակաս բարեկամականի: Քաղաքական տերմինաբանությամբ ասած՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքն է գործելու» ,- ընդգծեց նա:

Մինչ այդ ըստ դիվանագետի, ուշի ուշով  հետևելու են  բանակցությունների ընթացքին և պատրաստ են  ըմբռնումով մոտենալ նրան, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրին ՀՀ-ի միանալը վերաբերելու է  միայն քաղաքական հատվածին և չի տարածվելու տնտեսականի վրա, որովհետև դա անհամատեղելի է ԵՏՄ-ի հետ:

«Սա Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի որոշումն է: Ինչպիսին էլ այն լինի, մենք կընդունենք այն և  կաջակցենք»,-շեշտեց Նովակովսկին՝ հավելելով, որ ասոցացումը թույլ կտա Հայաստանին զարգանալ ոչ միայն քաղաքական, այլև այլ ոլորտներում և, որ Լեհաստանը պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ՝ զարգացնելու Բրյուսելի հետ հարաբերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում