Իրանի երկրաշարժի հետևանքով Հայաստանի որոշ շրջանների շենքերին ճաքեր են առաջացել
Նմանատիպ
Այսօր’ օգոստոսի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ գիտատեխնիկական խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ մասնագետները ևս մեկ անգամ հիշեցրել են մեր տարածաշրջանում երկրաշարժերի հնարավոր լինելու մասին: Մասնագետները միաժամանակ ընդգծել էն, որ մոտ ժամանակներում Իրանի երկրաշարժերի գոտում նոր երկրաշարժերի հավանականությունը քիչ է:
Հայաստանի վրա Իրանում տեղի ունեցած երկրաշարժի ազդեցության մասին լրագրողների հետ զրույցում ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը նշել է, որ րենք պատրաստ են հնարավոր երկրաշարժերի հետեւանքների վերացմանը:
«Այստեղ ավելի կարեւոր է’ կարո՞ղ ենք արդյոք կանխատեսել երկրաշարժը, ռիսկը նվազեցնել: Հետևանքների վերացում բոլորը կարող են անել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ նշել է փոխնախարարը:
Ըստ Հայկարամ Մխիթարյանի’ Հայաստանի հարավային սահմաններում կա սեյսմիկ լարվածություն, որը գալիս է մեր հարավային հարեւան-երկրներից:
«Բեկվածքը, սակայն, չի գալիս Հայաստանի Հանրապետություն և այս առումով մենք հանգիստ ենք: Մի շարք վայրերում 5-6 բալանոց երկրաշարժի հետևանքով ճաքեր են առաջացել, որոնք փոքր-ինչ մտահոգիչ են, բայց լուրջ հետեւանքներ չեն առաջացնի»,- ասաց ԱԻ փոխնախարարը:
ԱԻՆ գիտատեխնիկական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ու Գեոֆիզիկայի եւ ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտների, «Գեոռիսկ» ՓԲ գիտահետազոտական ընկերության, Հայկական սեյսմոլոգիայի եւ Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի, ինչպես նաև Երեւանի պետական համալսարանի ներկայացուցիչներ։
Իրանում տեղի ունեցած վերջին երկրաշարժերից հետո ԱԻՆ-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մասնավորապես’ Գորիսում շենքերի վրա ճաքեր առաջացել են: Ճաքերը նախկինում ևս եղել են, պարզապես երկրաշարժի հետեւանքով մեծացել են:
ԱԻՆ սեյսմոլոգները ենթադրում են, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը կարող է Թուրքիայում տեղի ունենալիք երկրաշարժի նախանշան լինել: