«168 ժամ». Միասնական թեկնածուի թեման արհեստական է

Մեկ-երկոu շաբաթ հետո մեկնարկող քաղաքական աշնան օրակարգի հիմնական հարցերից մեկը 2013թ. նախագահական ընտրություններում ընդդիմության’ մեկ միասնական թեկնածուով մասնակցելու հնարավորությունն է: Այդ թեման, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ընդհուպ մինչև նախագահի թեկնածուների առաջադրման վերջին օրը: Նաև դրանից հետո ու հիմնականում իշխանությունների կողմից՝ որպես ընդդիմության պաrակտվածության ապացույց: Ընդդիմության միասնական թեկնածուի թեման արհեստական է, սակայն այնքան, որքան կեղծ է միասնական թեկնածուով հանդես գալու’ առանց բացառության’ բոլոր ընդդիմադիր կամ իրենց այդպիսին համարող ուժերի ցանկությունը: Հայ ազգային կոնգրեսն, օրինակ, միասնական թեկնածուի թեման չի բացառում այնքանով, որքանով որ այդ թեկնածուն կարող է լինել Լեոն Տեր-Պետրոսյանը, կամ իրադարձությունների որոշակի սցենարով զարգացման դեպքում’ ԲՀԿ-ի թեկնածուն: Նույնկերպ այդ թեման քննարկում է «Ժառանգությունը»’ չթաքցնելով, որ միասնական թեկնածուն կարող է լինել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հանգույն: ՀՅԴ-ն ևս «թեմայի մեջ» է այնքանով, որքանով դա կարող է նպաստել կամ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, կամ քոչարյանական բևեռի թեկնածուի «միասնականացմանը»: Ի թիվս այլ պատճառների, միասնական թեկնածուի թեման արհեստական է նաև այն պատճառով, որ վերը նշված հնարավոր գործիչներն ու ուժերը մեկը մյուսի նկատմամբ ունեն նույնքան թշնամանք ու անհանդուրժողականություն, որքան գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Այսինքն’ եթե տեսականորեն պատկերացնենք, որ միասնական թեկնածու է դառնում Լևոն Տեր-Պետրոսյանը և հաղթում ընտրություններում, ապա Ր. Հովհաննիսյանի համար նա պակաս անընդունելի չի լինի, քան Սերժ Սարգսյսւնը: Նույնը կարելի է ասել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի համար’ Ր. Հովհաննիսյանի’ թեկնածու դառնալու և ընտրվելու դեպքում: Ռոբերտ Քոչարյանի պարագայում այս գործոնն ավելի ընդգծված է. թե’ նրա համար են բոլորն անընդունելի, թե’ ինքը՝ բոլորի համար: Նրա թեկնածությունը կարող է մյուսների կողմից «ընդունելի» համարվել միայն Հայաստանից դուրս կատարվող գործընթացների արդյունքում, որոնք մեր քաղաքական ուժերի համար վեր են ներքին անհանդուրժողականությունից ու քաղաքական սկզբունքայնությունից: Մի խոսքով, միասնական թեկնածուի թեման հայաստանյան քաղաքական դաշտի ներկայիս իրողությունների պայմաններում ոչ միայն արհեստական է, այլև անհեթեթ: Այդ դեպքում, ինչո՞ւ է այն շարունակում քննարկվել: Եթե դրա մասին խոսեին միայն իշխանական քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները’ հասկանալի կլիներ: Իշխանության համար այդ թեման միշտ ձեռնտու է և ընդդիմության դեմ հակաքարոզչության հարցում լրացուցիչ դիվիդենտներ է ապահովում: Սակայն այդ մասին խոսում են նաև գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը’ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն: Մինչդեռ, ազնիվ լինելու պարագայում բոլորը պետք է հայտարարեին, որ այդ թեմայի քննարկումն անիմաստ է այս, այս, և այս պատճառներով: Ինչո՞ւ, ուրեմն, ընդդիմությունը չի փակում այդ թեման: Գուցե այն պատճառով, որ Աժ ընտրություններում իշխանությունից «մասնաբաժին» ստանալուց հետո նախագահականում հաղթելու սեփական հնարավորություններն այնքան ցածր են գնահատում, որ ներկայումս ընդամենը զբաղված են քաղաքական առևտրով’ 2013թ. ընտրություններից հետո քաղաքական դաշտի հնարավոր վերաբաշխմանը մասնակից դառնալու համար: Ի դեպ, միասնական թեկնածուի հարցն արդիական է նաև իշխանական համակարգում, որը ներկայումս աշխատում է Սերժ Սարգսյանին իշխանության’ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածու դարձնելու ուղղությամբ: Տարբերությունն այն է միայն, որ ընդդիմության’ միասնական թեկնածուի արհեստական փնտրտուքը նպաստում է դրան’ նվազեցնելով նախագահական ընտրություններում գոնե երկրորդ փուլ արձանագրելու’ առանց այդ էլ փոքր հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում