«Առավոտ». «Ուղղափառների» գործառույթը. խմբագրական

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Երբ ընդդիմության ակտիվիստները հավաքվում են դատախազության մոտ և բողոքում են Տիգրան Առաքելյանին 6 տարով ազատագրելու դեմ, դա նորմալ է: Երբ հասարակական ակտիվիստները պահանջում են պատժել «Հարսնաքարի» գործով բոլոր մեղավորներին, դա նույնպես բնականոն երևույթ է: Ի դեպ, երկու ձեռքով միանում եմ այդ բողոքներին ու պահանջներին: Ես նաև կողմ կլինեմ, օրինակ, որ մարդիկ ցույց անեն, եթե հանկարծ որոշվի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին ներում շնորհել կամ պայմանական-վաղաժամկետ ազատել, ինչպես որ առաջարկում են որոշ «մարդասեր» համայնքապետեր: Այդ բոլոր դեպքերում քաղաքացիները պահանջներ են դնում պետական մարմինների աոջև, այսինքն’ այն ինստիտուտների, որոնց գոյություն ունեն քաղաքացիների հաշվին և կոչված են ծառայելու նրանց շահերին: Ուրիշ հարց, երբ քաղաքացիների տարբեր խմբեր ցույցեր են անում իրար դեմ’՚ փորձելով իրար վզի փաթաթել սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք հավատալ Աստծուն, կամ որ Աստծուն է պետք հավատալ, նաև’ ինչպես է պետք սիրել հայրենիքը և մարդկանց (նաեւ ֆիզիկապես): Այդ ամենն, իհարկե, կարելի է, պետք է քննարկել, ինչը, մասնավորապես, Հայաստանում արվում է մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում, գրեթե չի արվում հեռուստատեսությամբ, բայց ոչ թե այն պատճառով, որ գոյություն ունի գրաքննություն, այլ պարզապես չկա նման քննարկումների սպառողը’ ժողովուրդն ամբողջ խելքը տվել է սերիալներին: Բայց հիշյալ ոլորտները մարդկանց անձնական կյանքին, համոզմունքներին և տեսակետներին են վերաբերում, և այստեղ չեն կարող լինել դատավորներ ու «պահանջատերեր»:
Վերջերս, հատկապես Pussy Riot-ի կանանց հանդեպ «աստվածահաճո» դատավճռից հետո, Ռուսաստանում ակտիվացել են «ուղղափառները»: Ընդհանրապես, մեծ հարգանքով եմ վերաբերվում կրոնական այդ ուղղությանը, ինչպես և բոլոր ավանդական կրոնական հոսանքներին: Խոնարհվում եմ այդ ուղղությանը պատկանող ռուս փիլիսոփաների ու գրողների առաջ: Բայց այսօրվա «հանուն կրոնի մարտնչողներին» ես չակերտների մեջ եմ դնում, որովհետև նրանց վարքն, իմ կարծիքով, հակասում է քրիստոնեական արժեքներին: Այդ «ուղղափառները» փորձում են տապալել թատերական ներկայացումը, որն իրենց դուր չի գալիս, ներխուժում են թանգարան, որի ցուցանմուշներն իրենց սրտով չեն: Դա, ինձ թվում է, քաղաքացիական ակտիվություն չէ, դա, ավելի շուտ, հիշեցնում է հավատաքննչական արշավ, որն ակնհայտորեն խրախուսվում է այդ երկրի իշխանական որոշ շրջանակների կողմից:
Մեզանում նույնպես կան, ինչպես հայտնի է, «ուղղափառներ» ու «հավատաքննիչներ», որոնց հիմնական գործառույթն է հետևել իրենց ձևով հասկացված և մեկնաբանված կրոնական կամ քաղաքական «հավատքի» մաքրությանը: Իսկական հավատքի, կրոնի, համոզմունքի հետ դա կապ չունի: Պարզապես աշխարհում շատ են մարդիկ, ում անունով անգլիացի բանաստեղծ Թոմաս Աթրենզ էլիոթը անվանել է իր պոեմը’ The Hollow Men («Փուչ մարդիկ»): Ի դեպ, այդ հեղինակին է պատկանում նաև հետեւյալ մետքը. «Ժողովրդավարությունը հաղթանակ է տոնել, և հիմա անհատականություն լինելն ավելի դժվար է դարձել, քան առաջ»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում