ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը սեպտեմբերի 5-6-ը կայցելի Հայաստան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հայաստանը եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ սահմանում բարեփոխումների լայն շրջանակ: Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական եւ քաղաքական համագործակցությունը, սակայն, պաշտոնական դիրքորոշման համաձայն, չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:
Ռասմուսենը 2012թ. մարտի 6-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում Հայաստանի զինուժի մասնակցության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում