Պատմության խեղաթյուրում կամ ինչպե՞ս են փորձում «ապացուցել», իբր հայերը եկվոր են

Պատմության խեղաթյուրում կամ ինչպե՞ս են փորձում «ապացուցել», իբր հայերը եկվոր են

Մի հարցի մասին եմ ուզում գրել, քանի որ իմ լավ ընկերներից էլ սկսել են «կուլ տալ խայծը»՝ չխորանալով հեռուն գնացող որոշ հարցերի շուրջ։

Վերջերս մամուլում ինտենսիվ ու արդեն մի քանի լեզվով շրջանառվում է մի հոդված, որը մոտավոր վերնագրված է, այսպես. «գենետիկներն ապացուցել են հայ ազգի ծագման Խորենացու վարկածը»։

Առաջին հայացքից լավ և օգտակար թվացող այդ «նորությունն» իրականում մի շարք հեռուն գնացող վտանգներ ու ականներ ունի իր մեջ։ Սկսենք հերթով.
Ըստ հոդվածի.

Մեջբերում են, որ Խորենացին պնդում է, որ ՀԱՅԱՍՏԱՆԸ հիմնադրվել է մթա 2492թվականին։

Մեջբերում անելով նյու յորք թայմզից, նշվում է, թե «գենետիկները սքանավորելով Հայաստանից և Լիբանանից 173 հայերի գենոմներ և դրանք համադրելով ողջ աշխարհից 78 այլ ժողովուրդների հետ, հայտնաբերել են, թե հայերը հնագույն ժողովուրդների խառնուրդ են, որոնց հետնորդներն այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ տարածաշրջաններում: Գենետիկները հաշվարկել են, որ այս խառնուրդը տեղի է ունեցել Ք.ա. 3000-ից 2000 թվականներին, ինչը համապատասխանում է Հայաստանի հիմնադրման՝ Մովսոս Խորենացու նշած տարեթվին»։ (Ուշադրություն՝ Հայաստանի, այլ ոչ Հայ ազգի, չի շեշտվում անգամ հայկական այլ պետականությունների գոյության հարցը):

Այնուհետև նշվում է, թե «Հայերն իրենց ԴՆԹ-ի 29 տոկոսը կիսում են Էցիի հետ՝ մարդ, ում 5.300 տարվա հնության մումիան հայտնաբերվել է 1991 թվականին Ալպյան սառցադաշտում: Մերձավոր Արևելքի գենետիկորեն մեկուսացված այլ ժողովուրդներ, ինչպիսիք են Կիպրոսի ժողովուրդը, սեֆարդ հրեաները և Լիբանանի քրիստոնյաները, նույնպես ընդհանուր ծագումնաբանական շատ կապ ունեն Սառցե մարդու հետ, մինչդեռ այլ ժողովուրդներ, ինչպիսիք են թուրքերը, սիրիացիները և պաղեստինցիները, ավելի քիչ: Սա ցույց է տալիս, որ հայերը և այլ մեկուսացված ժողովուրդներ ավելի մոտ են նեոլիթյան հողագործներին, ովքեր մոտ 8000 տարի առաջ հողագործությունը բերել են Եվրոպա, քան Մերձավոր Արևելքի ներկայիս բնակիչները:

Գենետիկների հետազոտությունը հրապարակվել է անցած ամիս bioRxiv կայքում, որը թվային գրադարան է մինչ ամսագրերում հայտնվելը գիտական հոդվածներ հրապարակելու համար: Գենետիկների թիմի գլխավոր հեղինակ Թայլեր Սմիթն ասել է, որ չի կարող քննարկել հետազոտության արդյունքները՝ չցանկանալով վտանգի տակ դնել ամսագրում հետազոտության հրապարակումը»։ (Հիշեցման կարգով նշենք, որ մենք ունենք գտածո՝ մարդկային ուղեղ, Հայկական լեռնաշխարհում, Արենիում, որը թվագրվում է ոչ պակաս քան 5000 տարեկանը, և որից մինչ օրս դեռ սպասում ենք գենետիկ տվյալների (գենետիկ լաբորատորիա չունենալու արդյունքն էլ դա է)):

Հիմա մի փոքր ավելի հանգամանալից քննարկենք մի քանի կետ՝ հասկանալու համար, թե ինչ ռիսկերի հետ ենք բախվում։

Նախ, հարց առաջին, արդյո՞ք 173 հայի գենոմի սքանավորումը բավարար է ստատիստիկ տեսանկյունից գնահատելու հետազոտության ճշմարտացիությունը՝ այն տարածելով Հայ ազգի կազմավորման հարցի վրա առհասարակ։ Չէ՞ որ, անգամ Հայաստանի տարածքում, մեկուսացված լինելով իրարից, տարբեր տարածաշրջանի հայերի մոտ կարելի է հայտնաբերել բավականին հետաքրքիր յուրահատկություններ, օրինակ, Սյունիք-Արցախ, Սասուն, Վան, Էրզրում, Կիլիկիա և այլն…

Երկրորդ, Հայաստանում գտնված գինեգործության քարանձավը և տրեխը, որ թվագրվում է 5500 տարով, խոսում է այդ ժամանակ արդեն ձևավորված կայուն հողագործության մասին։

Երրորդ. Արևմտյան Հայաստանի տարածքում՝ Սիրիայից մոտ 40 կմ Հյուսիս Արևելք ընկած հատվածում, որ այժմ Թուրքիայի կողմից զավթված է և ունի Գյոբեկլի Թեփե անվանումը, հայտնաբերվել է Քարահունջին, Ստոունհենջին և այլ մեգալիթյան կառույցների նմանվող մի համալիր, որը հետազոտող Շմիդտը թվագրում էր առնվազն 12 000 տարեկան և պնդում, որ դա կառուցելու համար անհրաժեշտ էր պետականություն, մինչդեռ գիտությունն ընդունում էր, թե ամենահին պետականությունը որ հայտնի են՝ Շումերական և Եգիպտական քաղաքակրթություններն են։

Չորրորդ. Արտակ Մովսիսյանը հաջողությամբ ապացուցեց, որ նախքան այսպես կոչված Ուրարտուն, կար արդեն իսկ կազմավորված Հայկական պետականություն՝ Արատան, որը ժամանակագրորեն հասակակից է Շումերական և Եգիպտական պետականություններին. ավելին՝ Շումերական պետությունը հենց Արրատայից էր խնդրում օգնություն՝ դպրիներ, դպրապետեր, ճարտարապետ վարպետներ իրենց խնդիրները լուծելու համար։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ կազմակերպվածության մակարդակով Արրատան մի քանի անգամ գերազանցում էր նույն Շումերական պետականությանը։

Հինգերորդ. Համլետ Մարտիրոսյանի և մի շարք այլ հետազոտողների կողմից, հայկական ժայռապատկերային գրերի ուսումնասիրությունը և դրանց թվագրման փորձերը ցույց են տալիս, որ դրանք առնվազն 7000-8000 տարվա հնություն ունեն և կան ավելի՝ մինչև 12-13 000 և ավելի հնությամբ պատկերներ։ Համլետ Մարտիրոսյանի, Արմեն Դավթյանի և այլ հետազոտողների հետազոտություններով՝ փորձ է արվել ապացուցելու, որ ժայռապատկերային համակարգը գրային համակարգ է, որի մտածողությունը կառուցված է հայերենի հիմքի վրա։ Ավելին, եգիպտական և այլ ժայռապատկերներ և գրային համակարգերը տարածվել են հենց Հայկական լեռնաշխարհից։ Կան անգամ գենետիկայի ոլորտից հետազոտություններ, որոնք փաստում են, որ վայրի այծը (որը ժայռապատկերների մեջ հանդիպման քանակությամբ ճնշող մեծամասնությունն է կազմում) ընտելացվել է Հայկական լեռնաշխարհում և հետագայում այստեղից տարածվել (ընդ որում տարածման ուղղությունը համապատասխանում է ժայռապատկերների տարածման ուղղություններին): Ստացվում է զավեշտալի մի պատկեր, որ Այծը ընտելացվել և տարածվել է Հայաստանից, իսկ այ ընտելացնողը հետո նոր եկել է Հայաստան՝ դրսից. աբսուրդ։ Մանրամասն չծանրաբեռնելով այստեղ օրինակներով՝ առաջարկում եմ պարզապես ծանոթանալ Արմեն Դավթյանի և Համլետ Մարտիրոսյանի աշխատություններին։ Մասնավորապես Համլետ Մարտիրոսյանի «Առյուծ նշանագիրը» կամ «Հայոց հնագույն պատմության էջեր» աշխատությունը կարող եք գտնել գրախանութներում։ Առաջին աշխատությունը Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանի հովանավորությամբ թարգմանվել է և հասանելի է նաև անգլերեն։

Վեցերորդ. Շատերս կհիշենք մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ նա հայտարարեց, թե Հայ ազգն առվնազն 8000 տարվա պատմություն ունի և դեռ այդքան էլ, ամենաքիչը, անելիք ունենք։ Տվյալ ելույթը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Ելույթի հիմքում ընկած էր Նոր Զելանդացիների կողմից արված հետազոտությունը, որտեղ նրանք հաջողությամբ ապացուցել են, որ հայերեն լեզուն առնվազն 7000 տարվա հնություն ունի։ Որոշ նոր հետազոտությունների համաձայն այդ թիվը հակում ունի աճելու։ Մասնավորապես, իմ ունեցած տվյալներով, Սվոդիշի հայտնի ցուցակում հայերենն իր հնությամբ զբաղեցնում է երկրորդ տեղն ամենահին լեզուների շարքում։

Ամփոփելով, փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում։ Շատերը կարծում եմ, կհիշեն լուսահոգի Վարդան Հովհաննիսյանի հայտնի հաղորդումը՝ այսպես կոչված հայագետ Ջեյմս Ռասսելի հետ, որտեղ պարոն Հովհաննիսյանը պարզապես ջաղջախեց Ջեյմս Ռասսելի կեղծ պնդումները (Հաղորդման հղումը ստորև):

Պարզ լինելու համար նշենք, որ Ջեյմս Ռասսելն, ի թիվս մի շարք «հայագետների», պնդում է, թե իբր Հայերը բնիկ չեն, այլ եկվորներ են, ովքեր եկել են, կոտորել ուրարտացիներին, գրավել նրանց երկիրը, յուրացրել նրանց լեզուն և մինչև այսօր բռնազավթած են պահում այն։

Ստացվում է մոտավորապես այսպես, որ ըստ այդ «գիտնականների» հայերենը կար ավելի վաղ քան հայերը։ Հարց է առաջանում, այդ դեպքում ովքե՞ր էին հայերից առաջ Հայկական լեռնաշխարհում ապրող և հայերեն խոսող «հայերը» (մի փոքր այդ հարցի մեջ խորանալով՝ շատերի համար պարզ կդառնա այդ մարդկանց հեռակա նպատակները, ամենևին կարիք չկա բացելու փակագծերը): Եվ որքան էլ տարօրինակ կհնչի, որ չնայած նրան, որ միայն մենք՝ Հայերս ենք մեզ հայ կոչում և լեզուն էլ հայերեն, և որքան էլ, որ հետաքրքիր զուգադիպությամբ Շումերական գլխավոր Աստվածության՝ մարդկությունը ջրհեղեղից փրկող աստվածության անվանումներից մեկը ՀԱՅ է կարդացվում, ադյուհանդերձ դեռ կան մարդիկ, ովքեր ինտենսիվ աշխատանք են տանում, ապացուցելու այն արհեստածին թեզը, թե հայերը տարածաշրջանում բնիկ չեն՝ այլ եկվորներ։ Որպես օրինակ կարելի է բերել նաև ԱՄՆ Բոյզելի համալսարանի հետազոտող, ոմն Գրեգ Համփիկյանի մի դասախոսությունը Հայաստանում, որտեղ մի քանի տարի առաջ նա հայտարարեց, թե հետազոտելով հայերի և թուրքերի ԴՆԹ-ն եկել է այն եզրակացության, որ թուրքերի և հայերի միջև տարբերություններ չկան, և իբր Աստված նրանց միանման է ստեղծել, այդ թվում և մշակութապես։ Սույն պարոնն իհարկե այն աստիճան անհեռատես էր, որ չէր կարող պատասխանել հարցերին, թե ինչպես կարող են բրախիցեֆալ արմենոիդ տեսակը նույնականացնել դոլիխոցեֆալ մոնղոլ տեսակի հետ, առավել ևս, որ մոնղոլական տարրը Բյուզանդիայի և Հայկական տարածքում հայտնվում է միջնադարում։ Ավելին, քաջ հայտնի է, որ դարերով՝ նույն թուրքերը ինտենսիվ աշխատանք են տարել իրենց գենոֆոնդի փոփոխության ուղղությամբ՝ առևանգելով աղջիկներ հայերից, հույներից, հրեաներից, ասորիներից և այլն։

Ի՞նչ է ստացվում. ունենք «գիտնականների» մի խումբ (որոնց մեծամասնությունը ծագմամբ հայեր չեն, չնայած, որ նրանցից ոմանց ազգանունն ավարտվում է յան-ով), որը ջանք ու եռանդ չի խնայում «ապացուցելու» հայերի եկվոր լինելու սին վարկածը։ Ավելին. սույն հետազոտության մեջ նշվում է թե իբր « սա ցույց է տալիս, որ հայերը և այլ մեկուսացված ժողովուրդներ ավելի մոտ են նեոլիթյան հողագործներին, ովքեր մոտ 8000 տարի առաջ հողագործությունը բերել են Եվրոպա, քան Մերձավոր Արևելքի ներկայիս բնակիչները», երբ բոլորովին վերջերս միջազգային գիտական հանդեսում տպագրվեց հոդված, որտեղ հիմք ընդունելով Նոր Գեղի 1 հնավայրում կատարված համատեղ հետազոտությունները անժխտելիորեն ապացուցվեց, որ Հայկական Լեռնաշխարհում մարդու զարգացումը, հողագործությունը և օգտակար գործիքների ստեղծումը առանց թռիչքայնության այլ սահուն փոխակերպմամբ, ոչ թե ներմուծվել է Աֆրիկայից՝ ինչպես պնդում էր ժամանակակից աշխարհը, այլ տեղի է ունեցել Հայաստանում՝ մարդու ձևավորման հենց սկզբից։ Ավելին, Լևոն Եպիսկոպոսյանի և այլ գիտնականների համատեղ գենետիկ հետազոտությունները ապացուցել են, որ Հայերի մեջ «եկվոր» գեները (մասնավորապես բալկաններից, ինչպես պնդում են մի շարք «գիտնականներ») չեն գերազանցում 5%-ը, և որ Հայ ազգը կազմավորվել է Հայկական լեռնաշխարհում՝ Ի ՍԿԶԲԱՆԷ։

Ուստի, պետք է խնդրեմ մեր լրագրողներին, ընկերներին և բոլոր հայերին, նման «գիտական» խայծեր տարածելուց առաջ, որքան էլ որ դրանք համեմված լինեն Խորենացուց կամ այլ պատմիչներից «մեջբերումներով», միշտ նկատի ունենալ վերոշարադրյալ խնդիրները։ Հակառակ դեպքում, դուք կդառնաք Հայ ազգի թշնամիների տեսությունների տարածողը, նույն այն թշնամիների, ովքեր դարեր ի վեր արդեն աչք ունեն Ավետարանում հիշատակվող Դրախտ-Հայաստանի, Շումերական աղբյուրներում հիշատակվող Ավետյաց Երկրի և Մարդկության փրկության վայր Հայաստանի՝ Մեր Սրբազան Հայրենիքի վրա։ Նույն թնշամիների, ովքեր կազմակերպիչն էին Հայոց Ցեղասպանության և ճարտարապետը՝ Հայաստանն առանց հայերի ծրագրի։
Այնուամենայնիվ, ի հիասթափություն նոցա՝ պիտի ասեմ, որ մենք եղել ենք, կանք ու դեռ կշատանանք՝ մեր Հայրենիքի ՝ Հայաստան լեռնաշխարհի վրա։ Մենք ենք տէրը և պահապանը Հայաստան աշխարհի ու Հայ անվան։

Հ.Գ.
Վերոհիշատակյալ տեսանյութին կարող եք ծանոթանալ ստորև։

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում