Քիչ առաջ ավարտվել է ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետը

Օգոստոսի 30-ի ժամը 18-ին ավարտվեց Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի 380 համայնքներում սեպտեմբերի 9-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետը:

Օգոստոսի 30-ի կեսօրի դրությամբ ԿԸՀ-ում առկա տվյալների համաձայն՝ 5 մարզերում համայնքների ղեկավարի պաշտոններում նախապես առաջադրված 950 թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել 218-ը, ավագանու անդամների 4251 թեկնածուներից’ 166-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:

Այդ թվում համայնքի ղեկավարի ընտրություններ են նախատեսված տվյալ մարզերի 18 քաղաքային համայնքներում: Մասնավորապես’ քաղաքապետ են ընտրելու Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ և Դաստակերտ, Արարատի մարզի Վեդի և Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր և Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան և Շամլուղ համայնքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում