«Հայկական ժամանակ». ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` ծեծկռտուքներ Ախթալայում
Նմանատիպ
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ’ նախընտրական կրքերը թեժանում են: Երեկ երեկոյան Ախթալայում իրական մարտաֆիլմի սցենարով դեպքեր են կատարվել: Նախ’ ծեծկռտուք է տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի տանը, ըստ որոշ տեղեկությունների’ հնչել են նաև կրակոցներ: Հաջորդ ծեծկռտուքը ծավալվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տանը: Հենց տան մեջ ծեծի են ենթարկվել նրա մայրը’ Նինա Չիթչյանը, հայրը’ Բենիկ Չիթչյանը, տատը’ Բավական Չիթչյանը և քույրը’ Անուշ Չիթչյանը: Չորսն էլ երեկ տեղափոխվել են քաղաքի բժշկական կենտրոն:
«ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, այս ամենի պատճառ են հանդիսացել Խաչիկյանների կողմի սպառնալիքները Չիթչյանի հասցեին: Քաղաքում տարածված լուրերի համաձայն, ՏԻՄ ընտրություններին Չիթչյանի ակտիվության դեպքում’ Խաչիկյանները սպառնացել են հրապարակել ինչ-որ տեսագրություն, որից հետո Չիթչյանը կարող է մեղադրվել այն նույն բանի համար, ինչի համար ազատազրկման է դատապարտվել կոմբինատի նախկին տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: Եվ ահա, իմանալով այդ մասին, երեկ երեկոյան Չիթչյանը գնացել է Խաչիկյանների տուն’ պատիվ պահանջելու: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, տանը իրեր են կոտրվել, ասում են’ նաև կրակոցներ են հնչել, ինչից հետո Չիթչյանը դիմել է փախուստի:
Դրանից հետո Խաչիկյանների կողմնակիցները մուտք են գործել Չիթչյանների տուն և դաժան ծեծի ենթարկել տանը գտնվող ընտանիքի բոլոր անդամներին: Երեկ թերթին չի հաջողվել պարզել, թե Ախթալայի քաղաքապետ և միաժամանակ քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանը և նրա եղբայրը’ սոցապ հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, անձամբ մասնակցե՞լ են Չիթչյանի տան վրա կազմակերպված գրոհին, թե՞ ոչ: Հարկ է նկատել, որ իրավապահները այս դեպքում նույնպես «չեն կարողանում» պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Խնդիրն այն է, որ Հայկազ Խաչիկյանը Ախթալայի քաղաքապետի’ «Սերժի դաբրոն» ստացած թեկնածուն է, ինչն էլ երաշխիք է, որ այդպես էլ գործը չի բացահայտվելու: Կատարվածի մասին երեկ ոստիկանությունը որևէ տեղեկություն չի հայտնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի թղթակցին ասել է, որ ոստիկանները գտնվում են դեպքի վայրում, հանգամանքները ճշտվում են:
Կեսգիշերին հիվանդանոցից հայտնել են, որ քիչ առաջ Չիթչյանները գնացել են տուն: «Նրանք սրսկումներ ստացան, բայց չհամաձայնեցին մնալ, գնացին»,- ասել է ընդունարանի աշխատակցուհին’ խուսափելով թերթի թղթակցին հայտնել, թե կոնկրետ ինչ վնասվածքներ են ստացել ընտանիքի անդամները: Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, տատը’ Բավական Չիթչյանը, բավական լուրջ վնասվածքներ է ստացել: