«Առավոտ».Պետք է փոխել կրթվելու մոտիվացիան. խմբագրական
Նմանատիպ
«Առավոտը» իր այսօրվա խմբագրականում գրել է. «Ամեն անգամ սեպտեմբերի 1-ից առաջ տարբեր հասարակական գործիչներ և մանկավարժներ սկսում են խոսել այն մասին, թե պետք է փոխել կրթական ծրագրերը և դրանք համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին: Այդ’ ընդհանուր առմամբ ճիշտ խոսակցությունները ընթանում են նոստալգիկ տրամադրությունների ֆոնի վրա. իբր, այն երանելի սովետական ժամանակաշրջանում երիտասարդներին տրվում էր համապարփակ, լայն մտահորիզոն ապահովող կրթություն, իսկ հիմա’ «սխալ» Արևմուտքից ետ չմնալու համար փորձ է արվում ավելի կոնկրետ գիտելիքներ տալ: Իսկապես, ժամանակին ես ճանաչում էի ամերիկացի մի հոգեբանի, որը Ֆրոյդից ոչ մի տող չէր կարդացել’ դա իրեն պետք չէր, որովհետև հեռու էր իր գործունեության ոլորտից:
Եթե հարցը վերացական դնենք, ի՞նչն է ավելի լավ’ խորհրդային «լայն, բազմակողմանի», թե՞ արևմտյան «նեղ, մասնագիտական» կրթությունը, ապա հնարավոր կլինի գտնել մի քանի տասնյակ «կողմ» և «դեմ» փաստարկներ: Բայց փորձենք հարցը քննարկել կոնկրետ այսօրվա իրավիճակի հարթության մեջ: Եթե հարաբերությունները շուկայական են, եթե գործատուն ստիպված է մրցակցության մեջ մտնել այլ գործատուների հետ, ապա նրա վարձու աշխատողը պետք է կարողանա անել կոնկրետ բաներ՝ այնպիսի բաներ, որոնք մրցակցի վարձու աշխատողը չի անում: Բերեմ կոնկրետ իմ’ որպես գործատուի օրինակը, եթե ինձ մոտ գալիս է կարմիր դիպլոմով մի շրջանավարտ, դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի’ նա պիտի լուսաբանի այնպիսի ոլորտ, որն ինձ մոտ չի լուսաբանվում կամ վատ է լուսաբանվում, ներկայացնի այնպիսի նախագիծ, որն ինձ’ սեփականատիրոջս, եկամուտ կբերի: Դրա համար երբ ինձ հարցնում են՝ «ձեզ մոտ կա՞ն թափուր տեղեր», դա հնացած մոտեցում է, դրան ես պատասխանում եմ’ ինձ մոտ կան անսահմանափակ թափուր տեղեր նրանց համար, ովքեր ինձ կօգնեն փող աշխատել:
Կոմունիստների ժամանակ պլանային տնտեսություն էր: Ենթադրենք, գործարանները զեկուցում էին Պետպլանին, որ կա այսքան ինժեներների պահանջարկ, Պետպլանն այդ պահանջարկը հասցնում էր բուհերին: Այդ համակարգը, համենայնդեպս, 70-80-ականներին այնքան էլ լավ չէր աշխատում, որովհետև թվերի մասին զեկույցները հաճախ չէին համապատասխանում իրականությանը’ դրա համար էլ հազարավոր գործազուրկ ինժեներներ կային: Բայց եթե նույնիսկ պլանային մոտեցումն անխոցելի լիներ, այսօր այն կիրառելի չէ: Ես պիտի ինժեներություն սովորեմ երկու հնարավոր մոտիվացիաներով. 1. Ես չեմ ուզում ոչ մի գործարանում աշխատել, պարզապես ցանկանում եմ ստանալ գիտելիքներ, ընդլայնել իմ մտահորիզոնը: 2. Ես ուզում եմ այնպիսի ինժեներ դառնալ, որ տվյալ գործարանի սեփականատերը շահ ունենա ինձ վարձելու մեջ: Բայց մեզ մոտ այդ առողջ մոտիվացիաները գրեթե բացակայում են: Փոխարենը կան կեղծ մոտիվացիաներ՝ մարդիկ բուհ են ընդունվում, որպեսզի ևս 5 տարի ինչ-որ մի բանով զբաղվեն, և որովհետև այդպես է ընդունված, մարդը «պետք է» բարձրագույն կրթություն ունենա: Պատահական չէ, որ նույնիսկ մեր անգրագետ գործարար պատգամավորները 40-45 տարեկանում ինչ-որ բուհի դիպլոմ են գնել: Այնպես որ’ կրթական ծրագրերն, այո, պետք է փոխել, բայց դրանից առաջ պետք է փոխել կրթվելու մո-տիվացիան»: