Վանաձորում Ազատամարտիկների պուրակ կհիմնվի
Նմանատիպ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնը Վանաձորի Խանդակ թաղամասում նախաձեռնել է Ազատամարտիկների պուրակի հիմնումը։
Ինչպես տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից, Խանդակը Վանաձորի ամենախիտ բնակեցված թաղամասերից է. այն ունի մոտ 6000 բնակիչ։ Արցախյան հերոսամարտի ժամանակ այս թաղամասից զոհվել է 7 մարդ: Նրանց հիշատակին ստեղծվող այս պուրակը թաղամասի բնակչության համար կդառնա ուխտատեղի, իսկ նրանց հարազատների համար կլինի մխիթարանքի և աղոթքի մի յուրօրինակ վայր:
Արդեն սեպտեմբեր ամսին կմաքրվի տարածքը, կդրվի պուրակի հիմքը, կկառուցվի տաղավար, կտեղադրվի ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար։ Հետագայում պուրակում կկառուցվեն խաղահրապարակներ, կտեղադրվեն մանկական կարուսելներ։ Պուրակի կառուցմանը կմասնակցեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորները, թաղամասի բնակիչները:
Վանաձորում Ազատամարտիկների պուրակի կառուցման ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում