International Media Holding-ի նախագահ Արման Վարդանյանի կոչը ուսանողներին (տեսանյութ)
Նմանատիպ
Փետրվարի 28-ին Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ International Media Holding-ի հովանավորությամբ Global Media Lab ընկերության կազմակերպած «Հայաստանում և Արտերկրում գործատուին ճիշտ ներկայանալու հմտություններ» խորագրով թրեյնինգը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տարբեր բուհերում սովորող ավելի քան 600 ուսանողներ: Թրեյնինգը International Media Holding-ի կողմից կազմակերպված հերթական միջոցառումն էր, որն ուղղված էր հայ երիտասարդության շրջանում առկա խնդիրների լուսաբանմանն ու դրանց լուծմանն ուղղված տարբերակների քննարկմանը:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը, ով իր խոսքում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը, որոնք երիտասարդների համար ստեղծում են հարթակներ ինքնադրսևորվելու, սովորելու և սեփական ունակություններն ի ցույց դնելու համար: «Շատ կարևոր է, որ մեր երիտասարդությունը զերծ լինի ստերեոտիպերից: Կա մոտեցում, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ արվում է ծանոթներով, շրջապատով և քավոր – սանիկական հարաբերություններով: Իրականում դա այդքան էլ այդպես չէ: Լինելով արևելյան երկիր, իհարկե, մենք այդ խնդիրներն ունենք, բայց մեր երիտասարդ թիմի օրինակով կարող ենք նաև փաստել, որ դրանք համատարած բնույթ չեն կրում, և երիտասարդները կարող են գրանցել հաջողություններ առանց դրանց»,- ասաց Արման Վարդանյանը՝ մատնանշելով միջոցառման կազմակերպիչ Global Media Lab-ի թիմին` երեք ինտելեկտուալ և գեղեցիկ աղջիկներին, որոնց ընկերությունը ոչ միայն ճանաչված է և լուրջ քայլեր է անում հայկական բիզնես շուկայում, այլ նաև շատ կարևոր առաքելություն է իր վրա վերցրել՝ կրթել երիտասարդներին, ցույց տալ, որ կան հարթակներ որոնք դուրս են կաղապարներից:
«Կարևորում եմ այս նախաձեռնությունը, աջակցել ենք և շարունակելու ենք աջակցել նման միջոցառումների կազմակերպմանը: Սիրելի՛ ուսանողներ, ամեն մարդ ունի իր նախասիրությունները, իր նպատակները: Դուք կարող եք սիրել կամ չսիրել այս կամ այն մարդուն, պետական պաշտոնյային, ընդդիմադիր, քաղաքական կամ մշակութային գործչին, բայց հիշեք մի բան. մենք պարտավոր ենք սիրել մեր երկիրը, պարտավոր ենք սիրել ամեն ինչ, ինչն իր մեջ ներառում է «հայ» և «Հայաստան» բառերը: Մաղթում եմ ձեզ հաջողություն, և ցանկանում, որ հավատարիմ լինեք մեր հայրենիքին և ձեր ուժերին, վստահ լինեք, որ նման մոտեցումներով անպայման կհասնեք մեծ հաջողությունների, շնորհակալություն»,- իր խոսքը եզրափակեց International Media Holding-ի հիմնադիր նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում